
ԱՄՆ-ը ողջունել է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը կցանկանար տեսնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքի լարվածության ապաէսկալացման ուղղությամբ զգալի քայլեր: Էռնեստը Պուտինին կոչ է արել ոչ թե խոսքով, այլ գործով ԱՄՆ-ին ցույց տալ, որ ցանկանում է հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը և մասնավորապես դադարեցնել աջակցել ապստամբներին:
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարցը: Սրանից առաջ Պուտինը դիմել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի Ուկրաինայում զորքեր կիրառելու թույլտվության մասին իր որոշումը: