Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխման կարիք ունի
Պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը` քրեակատարողական հիմնարկների վարչակազմ, անկախ հանձնաժողով ու դատարան, բարեփոխումների կարիք ունի: Գործող համակարգը բավականին խնդրահարույց է. «Մեդիա կենտրոնում» այսօր անցկացված ասուլիսի ընթացքում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պետք է միայն տա դատապարտյալի բնութագիր, մինչդեռ այսօր գործող համակարգով պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված դիմումներից մի քանիսն, առանց հստակ գործող չափանիշների, ընտրողաբար փոխանցվում են անկախ հանձնաժողովին՝ նշեց դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանը հավելելով, որ. «Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) կա դատապարտյալների հայտերը մերժելու ներքին բանավոր հրահանգ, որը վերաբերում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (104, 112, 113, 175, 176, 178, 258, 259, 266, 268 և այլն) նախատեսված հանցագործությունների համար: ՔԿՀ ղեկավարությունը մերժում է այս հոդվածներով դատապարտված անձանց դիմումները` չուղարկելով անգամ անկախ հանձնաժողովին»:
«Թե´ ՔԿՀ ղեկավարության թե´ անկախ հանձնաժողովի համար բացակայում են կոնկրետ չափանիշները, որոնցով պետք է որոշվի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալու հարցը», – ասաց Հասմիկ Հարությունյանը`ընդգծելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակը դատապարտյալի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելն է, ինչպես նաև նոր հանցագործություններ կանխելը:
Անդրադառնալով նախկին տարիների ընթացքում արձանագրված դիմումների մերժումների վիճակագրությանը` Անի Վարդանյանն ընդգծեց, որ 2011-2013թթ. ընթացքում ավելացել են վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալները, սակայն նվազել է բավարարված դիմումների քանակը:
«2013թ.-ին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ արձակման համար, որոնցից անկախ հանձնաժողովին ներկայացվել են` 960-ը: Անկախ հանձնաժողովը հավանության է արժանացրել է 273 դիմում, իսկ դատարանում բավարարվել է դիմումներից` 261-ը», – փաստեց բանախոսը` համեմատելով 2011թ.-ի տվյալների հետ, երբ 5216 դիմումներից 895 ներկայացվել են անկախ հանձնաժողովին, իսկ վերջինն ընտրել է` 303-ը, որոնցից 291-ը բավարարել է դատարանը:
Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց դիտորդական խմբի մի քանի առաջարկ, դրանցից մեկն օրինակ վերաբերում էր քրեկատարողական հիմնարկներում հաստատված ներքին կարգին և սահմանափակումներին, նրա խոսքով պետք է հանվի արգելքը, անհրաժեշտ է նաև սահմանել ազատման համար հիմք ծառայող հստակ չափանիշներ ու կազմել դատապարտյալների համար անհատական ուղղման պլաններ՝ հոգեբանների հետ աշխատանքի միջոցով:
«Անկախ հանձնաժողովները պետք է համալրվեն տարբեր մասնագներով: Ավելին, անկախ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է այցելի ՔԿՀ և անձամբ շփվի դատապարտյալի հետ», – կարծում է Հասմիկ Հարությունյանը:
Այսօր գործող կարգով անկախ հանձնաժողովները ձևավորվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով և հիմնականում համալրվում են ուժային կառույցների ներկայացուցիչներով:
Արայիկ Զալյանն ու Ռուբեն Սարգսյանը մատնանշեցին ՔԿՀ-ներում առկա այլ խնդիրներ ևս: Մասնավորապես նրանց վկայությամբ Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում առկա է գերբնակեցում, դատապարտյալների զգալի մասը սնունդ ստանում է դրսից, չկա բավարար քանակի բուժանձնակազմ:
Խնդրահարույց է ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցը, նրանց դիմումները անհիմն մերժվում են՝ հավելեց Անի Վարդանյանը:
Բանախոսները եզրափակեցին ասուլիսը` նշելով, որ անձնական զրույցների ժամանակ դատապարտյալները բարձրաձայնում են իրենց խնդիրները, սակայն բողոք դիմում չեն գրում: