Սուտ ստի հետևից` հանուն տղամարդկության. «Հրապարակ»
«Հանրապետականը երեկ փորձում էր խորհրդարանում շաբաթ օրվա բացահայտ կեղծիքը «սղղացնել» մերկ ճշմարտության տակ: Կուսակից գործընկերների պահվածքն արդարացնելիս խմբակցության՝ ստելու մեջ դեռ չթրծված ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզում էր, որ ավել ձայներ չեն «խփել», ուրիշի փոխարեն քվեարկություն չի եղել»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Նույնիսկ, երբ Հակոբ Հակոբյանը մեկ րոպե ուշացումով է դահլիճ մտել ու խնդրել իր «կողմ»-ն ամրագրել, ԱԺ ղեկավարությունն ընդառաջ չի գնացել:
«Մեր բացակաները հստակ են եղել, ես կարող եմ կոնկրետ թվել, մենք 68 ներկա ենք ունեցել, նույնիսկ Հակոբ Հակոբյանը մեկ րոպե ուշ մտավ՝ ասաց, որ կողմ է, ասեցի՝ ոչ, ժամանակին մտնեիր, քվեարկեիր, նույնիսկ իր անունը չկա կողմերի շարքում»:
Ստուգեցինք, բայց ԱԺ կայքում քվեարկության արձանագրության պատկերը ՀՀԿ-ի օգտին չէր. կենաց-մահու կռիվն անգամ չի փրկել նրանց, և կուտակային կենսաթոշակային համակարգի մասին բազմաչարչար օրինագիծը, «պարտադիր, բայց ոչ պարտադրված» լրամշակումից հետո, հակառակ Գալուստ Սահակյանի պնդումների 67-ի փոխարեն ԱԺ կայքում 66 կողմ է գրանցել, ներառյալ Հակոբ Հակոբյանի չքվեարկած ձայնը: Ընդհանրապես, շաբաթ օրը ՀՀԿ-ն նման «ազնվությամբ» մի շարք օրենքներ սղղացրեց: Հերթով դնում էին օրինագծերը քվեարկության ու, իրար փոխարեն քվեարկելով, դրանք ընդունված համարում: Բացահայտ արհամարհում էին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների ելույթները, ընդմիջման պահանջը:
Անգամ, երբ դահլիճից պատգամավորները գոռում էին, որ ՀՀԿ-ականներն ուրիշների փոխարեն են քվեարկում, Գալուստ Սահակյանը ցինիկաբար հայտարարում էր՝ եթե նման բան կա էլ, ապա դա չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ին նման պահվածքի էր դրդել Սերժ Սարգսյանը, ով մեկ օր առաջ Ծաղկաձորում «ուղեղների լվացում» էր կազմակերպել և նախատել արտահերթ նստաշրջանի առաջին օրերին քվորումի բացակայության թեմայով: ՀՀԿ-ի քվեարկությունից ցնցվել էր անգամ ԲՀԿ-ն, որը մինչ այդ կուտակայինի հարցում տարանջատվել էր եռյակից:
Քվեարկությունից հետո քառյակը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ՝ խոստանալով, որ «շարունակելու են պայքարել Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար»: Հայտարարությանը միացել է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը։ Սակայն երեկ նրանք դեռ տեղից չէին շարժվել: Աղվան Վարդանյանը միայն ասաց, որ այս շաբաթ չորս ուժերը կհանդիպեն և կքննարկեն անելիքը: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ պետք է նորից դիմադրության ալիք բարձրացնել, նորից հրաժարականներ պահանջել:
«Ի սկզբանե էր պարզ, որ իշխանությունը չի կատարի քառյակի 12 պահանջները, այդ թվում՝ կուտակայինի հարցում: Պետք չի սպասել մինչև 2017թ.»,- ասաց նա՝ հակադարձելով ԲՀԿ-ականների և մասնավորապես Վահե Հովհաննիսյանի այն տեսակետին, որը հայտարարել էր, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն իր գործընկեր կուսակցությունների հետ կձևավորի քաղաքական նոր մեծամասնություն և կփոխի այս օրենքը: «Եթե մեր պահանջները չեն կատարում, երկրում ոչինչ չեն փոխում, ինչո՞ւ սպասել և չպահանջել հրաժարական»,- մեր հարցին ի պատասխան ասում է ՀԱԿ պատգամավորը:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը չի շտապում սա վերջակետ համարել: «Մեր կողմից տրված ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ն է, այսինքն` մինչ այդ մենք աշխատելու ժամանակ ունենք»,- ասում է նա»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։