Թևան Պողոսյան. Բաքվում մեկ քայլ ավելի էր ազատության առումով՝ նախորդ անգամ թույլ չէին տվել հյուրանոցից դուրս գալ, այս անգամ դա թույլատրում էին
«Բաքվում ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարում մեր մասնակցությունը շատ կարևոր էր և, եթե մենք չմասնակցեինք, վակուում կստեղծվեր և ադրբեջանցիները թյուր կարծիք կստեղծեին տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակի հետ կապված: Այսպիսի հարթակներում ՀՀ դիրքորոշումն ու ներկայացումը չափազանց կարևոր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Ըստ նրա՝ Բաքվում ցանկացած միջոցառման մասնակցությունը բարդ է, քանի որ Բաքուն ամեն ինչ աղավաղում է: Նահապետյանի կարծիքով՝ Բաքուն պատրաստ չէ երկխոսության, բոլոր հարթակներն օգտագործում է ՀՀ-ն վարկաբեկելու և հետագա բանակցությունները ապարդյուն ներկայացնելու համար: Նա նշեց, որ փորձ էր արվում երկխոսությունը վերածել բանավեճի, մյուս պատվիրակները հիմնականում դիտորդի դերում էին և բանավիճում էին հայկական ու ադրբեջանական պատվիրակները:
Պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ ադրբեջանական մամուլն առաջին օրը ներկայանում էր որպես չեզոք, բայց հաջորդ օրն ամեն ինչ օգտագործում էին՝ ապատեղեկատվություն տարածելու համար: Նա խորհուրդ տվեց հայկական ԶԼՄ-նեին՝ տեղեկատվությունը ճշտել, հետո հրապարակել:
Պողոսյանը նշեց, որ նախկինի համեմատ այս անգամ Բաքվում մեկ քայլ ավելի էր ազատության առումով՝ նախորդ անգամ թույլ չէին տվել հյուրանոցից դուրս գալ, իսկ այս անգամ դա թույլատրում էին, բայց ուր տանում էին` բնակչություն չկար՝ ծովափին, սրճարանում, կամ այլ տեղում:
Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը շնորհավորեց ՀՀ պատվիրակության անդամներին՝ սեինարին ակտիվ մասնակցության համար, որ փորձում էին բացատրել, ոչ թե ագրեսիվ լինել: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմից իրավապաշտպան Լեյլա Յոնուսը և Ավազ Հասանովը Ադրբեջանի իշխանության դեմ հանդես եկան: Կիրակոսյանի խոսքով՝ այս սեմինարին Հայաստանն ու Ղարաբաղն ավելի շահ ունեին, ԼՂ հակամարտությունն օրակարգի առաջին հարցն էր: Նա նշեց, որ ադրբեջանցիները ագրեսիվ էին և ագրեսիվ հռետորություն էին տանում, ու պնդում էին, թե սեմինարի թեման ոչ թե ներքին քաղաքական խնդիրն է, այլ տարածաշրջանային անվտանգությունը: