Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանի խոստումներն իրականություն չեն դարձել. Աղվան Վարդանյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի վերաբերյալ իր ելույթում իշխանական թևի ներկայացուցիչներին կոչ արեց զերծ մնալ Արծվիկ Մինասյանի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց: Նրա խոսքով՝ կարող են դուրս գալ և հանրության շրջանում հարցում անել Մինասյանի վերաբերյալ և կտեսնեն հասարակության վերաբերմունքը նրա հանդեպ:

Անդրադառնալով խնդրահարույց օրինագծին՝ Ա.Վարդանյանը մեջբերեց վարաչապետի խոսքերը պարտադիրի մասին, որ այն կասեցված է և հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի խոստումներն իրականություն չեն դարձել: Նա նշեց, որ քննարկումների համար իրենք ներկայացրել էին 4 հոգու թեկնածություն, հրավիրել են մեկ ամիս անց, բայց քննարկում չի եղել և բերված օրենքի նախագիծն ընդունելի չէ հանրության համար:

«Հույս չի ներշնչում նման ձևով աշխատելը»,- հայտարարեց Ա.Վարդանյանը՝ այդ աշխատելաոճն անվանելով «մանիպուլյացիա»:

«Ճորտատիրությունը վաղուց ավարտվել է, ա՛յ ժողովուրդ»,- նկատեց պատգամավորը:

Ըստ նրա՝ շատ ընկերությունների աշխատակիցներ մասսայական դիմումներ չեն կարողանալու գրել և կառավարությունը գիտի դա: Վարդանյանը նշեց, որ այս իրավիճակն անընդունելի է նաև «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամների համար. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ հարված եք հասցնում երիտասարդությանը: Վաղը թողնելու են գնան երկրից»:

Ըստ նրա՝ օրենքը ոչ թե պարտադիր, բայց ոչ պարտադրված է, այլ՝ պարտադիր և պարտադրված, և սրա համար տարիներ հետո պատասխան են տալու:

«Կարիք չկա մեզանից պաշտպանել Արծվիկ Մինասյանին: Ընդամենը եղել է անհամաձայնություն Արծվիկ Մինասյանի կողմից հնչեցրած գնահատականներին»,- նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս