Վլադիմիր Կազիմիրով. «Այնուամենայնիվ, ես անուղղելի լավատես եմ»

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Ինչպե՞ս կարելի է անվանել ներկայիս իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Վիճակն ավելի մոտ է խաղաղությա՞նը, թե՞ պատերազմին: Այսօր հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (Ռուսաստանի Դաշնություն), դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այսպես պատասխանեց այս հարցին. «Այնուամենայնիվ, ես անուղղելի լավատես եմ, կարծում եմ` իրավիճակն ավելի շատ մոտ է խաղաղությանը, քան պատերազմին»:

Վլադիմիր Կազիմիրովը ժամանել է Երևան՝ հայ-ադրբեջանական հարաբերական զինադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ: «Արմենպրես» լրատվական գործակալությունում կազմակերպված մամուլի ասուլիսում պատերազմական գործողությունների դադարեցման գլխավոր դերակատարներից մեկն ասաց, որ ուրախ է հանդիպման համար, քանի որ հնարավորություն ունի պարզապես շնորհավորելու Հայաստանի, այդ թվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ 20 տարի չկա զանգվածային արյունահեղություն , սակայն, ցավոք սրտի, չեն դադարել սահմանային միջադեպերը:

«Պատերազմի, թե խաղաղության հարցն այս հակամարտությունում պետք է մշտապես մնա առաջնայինը: Կարելի է անվերջ քննարկել Լաչինի միջանցքի լայնությունը կամ կարգավորման այլ տարրեր, բայց երբեք չի կարելի նսեմացնել այս հարցի կարևորությունը` խաղա՞ղ, բանակցայի՞ն միջոցներով լուծել այս հիմնախնդիրը, թե՞ կրկին դիմել ուժի կիրառմանը: Հարցի խաղաղ կարգավորումը պետք է լինի գործընթացի հիմքում»,- շեշտեց Վլադիմիր Կազիմիրովը:

Դեսպանը խնդրել էր լրագրողներին հարցեր չտալ ներկա քաղաքական գործընթացների վերաբերյալ, այնուամենայնիվ, նրանից հետաքրքրվեցին` ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը ղարաբաղյան հակամարտության վրա: Կազիմիրովը պատասխանեց, որ չի տեսնում անմիջական կապ Եվրասիական միության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև. «Կարծում եմ` ուղղակի կապ չկա, անուղղակի կապ կարելի է գտնել: Չգիտեմ` արդյո՞ք այդ արտահայտությունը կա հայերենում, բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջը քորելուն»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնի հայտարարությանը՝   նախկին համանախագահն ասաց, որ կարդացել է այն, սակայն որևէ նոր տարր չի տեսել այդ փաստաթղթում. «Նա պարզապես իր ձևով վերաշարադրել, վերադասավորել է այն կետերը, որոնք կան Մադրիդյան սկզբունքներում»:

Մինսկի խմբի նախկին համանախագահն արդեն 14 տարի անցել է թոշակի և խոստովանում է, որ շատ կուզենար «կտրվել» ղարաբաղյան հիմնահարցից, բայց չի կարողանում, քանի որ իրեն անընդհատ տանջում է այն միտքը, որ  ավարտին չի հասցրել իր գործը:

Նրա խոսքով` դրան իր հերթին խանգարում են անընդհատ կատարվող խեղաթյուրումները` գլխավորապես Ադրբեջանի կողմից: Կազիմիրովը դժգոհեց ադրբեջանական կողմից, որն իրեն մեղադրում է հայամետ լինելու մեջ, մասնավորապես հիշատակեց Իլհամ Ալիևի խորհրդական Նովրուզ Մամեդովին, ով վերջերս հոդված է նվիրել Կազիմիրովին: Վերջինս իր հերթին «Ռեգնում» լրատվականի կայքում հրապարակել է մի հոդված , որն այսպես է վերնագրել` «Ադրբեջանի «կացնային» քաղաքականության և կեղծավորության 20 տարիները»:

Ըստ Վ. Կազիմիրովի` կա երեք հիմնական շարժառիթ,  որոնք իրեն թույլ չեն տալիս  «կտրվել» ղարաբաղյան հարցից, և դրանցից առաջինը զուտ քաղաքական է. « Ես դա նույնիսկ չեմ կապի  իմ անձի հետ, բայց  միջնորդը, ով պայքարել է պատերազմական գործողությունների դադարեցման համար, կարո՞ղ է հանգիստ վերաբերել, առավել ևս ծափահարել այն կողմին, որը սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները: Կարծում եմ` դժվար կլինի այդպիսի միջնորդ գտնելը»:

Երկրորդ շարժառիթը, Կազիմիրովի խոսքով, իրավական է, որովհետև որպես միջնորդ` նա չի կարող անտարբեր մնալ նաև այն փաստի նկատմամբ, որ մեծ ջանքերով ստորագրված փաստաթղթերը չի իրականացվում կողմերից մեկը` Ադրբեջանը:

Իսկ երրորդը նա անվանեց բարոյական` պայքար  ամենատարբեր բնույթի խեղաթյուրումների դեմ: Ըստ Վ. Կազիմիրովի` երբեմն այդ խեղաթյուրումները դիտավորյալ չեն լինում, այլ արվում են փաստաթղթերի, փաստերի չիմացության պատճառով, բայց միևնույն ժամանակ կան բազմաթիվ դիտավորյալ, նպատակամղված խեղաթյուրումներ, որոնք իրականացվում են քարոզչության նպատակով: Այդ քարոզչությանը, ըստ նրա, մասնակցում են լրագրողները, քաղաքագետները` կրկին գլխավորապես Ադրբեջանից: Այդուհանդերձ, հանուն արդարության նա ավելացրեց, որ որոշ խեղաթյուրումներ երբեմն կատարվում են նաև հայկական կողմից:

Նրա կարծիքով` Հայաստանում և Արցախում գերագնահատում են 1994 թ. մայիսի կնքված բիշկեկյան համաձայնագիրը. «Բիշկեկյան արձանագրությունը երկրորդական է, հիմքում դրված է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությունը` 1994 թ. ապրիլի 15-ին: Այդ փաստաթղթում է դրվել կրակի դադարեցման հիմքը, հետո խորհրդարանների ղեկավարները Բիշկեկում իրենց վերաբերմունքն արտահայտեցին այդ հայտարարությանը և հաստատեցին այն: Եվ արդեն այդ երկու փաստաթղթերի հիման կազմվեց երրորդ փաստաթուղթը` կրակի դադարեցման մասին»:

Վ. Կազիմիրովը ղարաբաղյան հակամարտության փաստերի գլխավոր աղավաղում համարեց այն, որ Բաքուն վերջին շրջանում շատ է շահարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թ. ընդունված հայտնի 4 բանաձևերը, թեև առաջինն ինքն է նպաստել դրանց չկատարմանը:

«Բաքվի այդ պահվածքը շատ հակասական է, որովհետև ո՞վ է դրել այդ բանաձևերի չկատարման հիմքը: Հենց այն երկիրը, որն անընդհատ հայտարարում է, որ այս հակամարտությունը կարելի է լուծել ուժով: Վերցնենք թեկուզ առաջին 822-րդ բանաձևը, որն ընդունվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ` Քելբաջարի անկումից հետո: Այդ բանաձևի ընդունումից շատ չանցած` մենք չորսով` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան էր միացել այդ գործընթացին և Իտալիան` որպես այն ժամանակ Մինսկի համաժողովի համանախագահող, պաշտոնապես հարցում արեցինք հակամարտող բոլոր կողմերին` պատրա՞ստ եք արդյոք կատարելու 822-րդ բանաձևը: Ստեփանակերտը պատասխանեց` այո, Երևանը` այո, Բաքվից պատասխան այդպես էլ չստացանք: Եվ այդպես շարունակվել է բոլոր 4 բանաձևերի դեպքում»,- հայտարարեց Վլադիմիր Կազիմիրովը:

Տեսանյութեր

Լրահոս