Երբ գործատուն պետությունն է
«Աշխատանքային օրենսգրքում հստակ նշված է, որ երբ գործատուն պետությունն է, կարող են օրենքներով սահմանվել իրավահարաբերություններ, որ չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսգրքով: Նման օրինակ է սոցիալական փաթեթը և տարբերակման խնդիր չկա ու չի կարող լինել»,- այսօր ԱԺ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմանը, որ տարբերակված մոտեցումներ են ամրագրվում պետական և ոչ պետական հատվածների աշխատողների հետ կապված:
Ըստ նախարարի` պետությունը որպես գործատու սահմանում է կառուցակարգեր և, քանի որ պետական հատվածում աշխատավարձն ավելի քիչ է, քան մասնավորում, այլ գործիքներով, ինչպես սոցիալական փաթեթն է, խթանում և նպաստում է որակյալ կադրերի ներգրավմանը պետական հատված:
«Ձեր կողմից նման հուշում անելը մարդասիրական չի: Հուշում եք, որ սոցիալական փաթեթի առողջության համար նախատեսված գումարն ուղղի կենսաթոշակին: Մարդը գուցե առողջական խնդիրներ ունի ու կարող է չհասնի կենսաթոշակի տարիքին»,- հակադարձեց Լ.Սարգսյանը:
Ա.Ասատրյանը հայտարարեց, որ 132 հազար դրամ կազմող սոցիալական փաթեթի միայն 52 հազար դրամն է առողջապահության մասով, որը չի կարող օգտագործվել այլ նպատակով և միայն առողջապահության համար է: Ըստ նրա` խնդիրը մնացած 80 հազար դրամն է, որ պետական հատվածի աշխատողներին իրավունք է վերապահվում օգտագործել այդ գումարը կենսաթոշակի նպատակով: