«ՀՀ Ոստիկանությունը ընդդեմ Լ.Բարսեղյանի» գործով ոստիկանության ներկայացուցիչը չկարողացավ հասնել իրենց հայցով նիստին
Հունիսի 18-ին Վարչական դատարանում (Գյումրի), նշանակված ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին № ՎԴ/0026/05/14 վարչական գործով դատաքննության երրորդ նախնական նիստը, տեւելով յոթ րոպե, նորից ընդմիջվեց ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու, փոխգնդապետ Սոնա Մելիքյանի բացակայության պատճառով:
Դատական նիստը բացելուց հետո քարտուղարը տեղեկացրեց, թե Սոնա Մելիքյանը զանգել եւ տեղեկացրել է, որ հինգ րոպե կուշանա դատական նիստից, ճանապարհին է: Դատարանը, սպասելով հինգ րոպե, հարցրեց պատասխանող Լ.Բարսեղյանի կարծիքը նիստը շարունակելու մասին, վերջինս հայտարարեց, որ սա ոստիկանության կողմից դատարանի հանդեպ դրսեւորված ակնհայտ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է, սակայն չի ցանկանում, որ դատական նիստը միակողմանի ընթանա, միջնորդեց հետաձգել նիստը: Դատարանի հիշեցումից հետո, թե նախնական դատական նիստը կարող է առանց կողմի ներկայության էլ լինել, պատասխանող Լ.Բարսեղյանը պնդեց Ոստիկանության ներկայացուցչի ներկայության անհրաժեշտությունը իրենց առաջ քաշած հայցով:
Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ կողմերին հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին իրազեկել ծանուցագրով: Այս դատական նիստը փակվելուց հետո ավելի քան քառորդ ժամվա ընթացքում ոստիկանության ներկայացուցիչը այդպես էլ չժամանեց դատարան:
Ավելի վաղ, նույն գործով, ապրիլի 15-ի նախնական նիստից ոստիկանությունը նույնպես բացակայել էր, ՀՀ ոստիկանության 30-50 հազարանոց անձնակազմից որեւէ մեկն անկարող էր եղել ներկայացնել ոստիկանությունը իրենց առաջ քաշած հայցով դատաքննությանը:
Լ.Բարսեղյանի եւ մի քանի տասնյակ այլ քաղաքացիների դեմ ոստիկանությունը հայցեր էր կազմել եւ ներկայացրել դատարան այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին` Հայաստան Վ.Պուտինի այցելության օրը, նրանք եւ այլ` մոտավորապես երկու հազար ցուցարար Երեւանում բողոքի ցույցեր եւ երթեր էին կազմակերպել Հայաստանի գաղութացման եւ ինքիշխանության զիջման դեմ, իսկ ոստիկանությունը, ցուցարարների համոզմամբ, կոպտորեն ոտնահարելով վերջիններիս հավաքների, երթերի եւ խոսքի ազատության սահմանադրական իրավունքները, 110 հոգու ձերբակալել եւ տարել էր ոստիկանության բաժանմունքներ, այնտեղ նրանց պահելով 3-4 ժամ:
Մայիսի 19-ին նախնական դատական նիստն սկսվել էր ոստիկանության ներկայացուցչի ուշացման պատճառով եւ ընդմիջվել էր պատասխանողի միջնորդությամբ, այն հիմքով, որ իր ներկայացուցիչները նույն օրը զբաղված էին Երեւանում այլ դատական գործերով, որոնցով ոստիկանությունը հայցվոր էր դեկտեմբերի 2-ին ձերբակալված մի քանի ցուցարարների դեմ:
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ