Մանկատան շրջանավարտները ստացան դրամական պարգևներ (տեսանյութ)
Այսօր «Սինեմա Սթար» կինոթատրոնի նախասրահում իրենց բանկային քարտերը ստացան հանրապետության բոլոր մանկատների 2013-14 ուստարվա բոլոր 30 շրջանավարտները: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի (Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ) կողմից ստացան 300 հազարի շափով դրամական պարգևներ: Մանկատան շրջանավարտների մեծամասնությունը պատրաստվում է այդ գումարն օգտագործել ուսման համար:
168.am-ի հետ զրույցում Գավառի մանկատան սան Գևորգ Մանուկյանն ասաց, որ սովորում է Եվրոպական ակադեմիայի քոլեջի 2-րդ կուրսում: Բանակ գնալուց հետո պատրաստվում է շարունակել ուսումը Եվրոպական ակադեմիայում: Գումարը նա պահելու է բանկային հաշվում, որ հետագայում օգտագործի ուսման համար:
Իսկ Վանաձորի մանկատան սան Քրիստինե Պետրոսյանն ասաց, որ գումարը պահելու է, որպեսզի 18 տարեկանը լրանալուց հետո, երբ դուրս գա մանկատնից, օգտագործի կենցաղային ծախսերի համար: Մեր այն հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում սովորել որևէ ուսումնական հաստատությունում, նա պատասխանեց. «Այս տարի՝ դեռ ոչ: Ուզում եմ դեռ աշխատել, հետո կտեսնեմ: Այս տարի երևի վարսավիրություն կսովորեմ»:
Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ծրագրով սաներին տրված աջակցությունը երեխաների՝ ինքնուրույն կյանք սկսելու համար խիստ կարևոր է: Նա նաև նշեց, որ իրենք, ճիշտ է, երեխաներին երբեմն ուղղորդում են, թե ինչպես ծախսեն գումարները, սակայն նրանք ինքնուրույն են որոշում՝ ինչպես գործածել:
Նշենք, որ գումարները երեխաներին հանձնեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը, ով նշեց, որ արդեն 7 տարի շարունակ հիմնադրամը 300 հազարական դրամ է տրամադրում հանրապետության բոլոր մանկատների շրջանավարտներին. «Ամեն տարի մենք բոլոր մանկատներից ստանում ենք տվյալ ուսումնական տարվա շրջանավարտների ցուցակը, նրանց համար բացվում են բանկային հաշիվներ, որոնց վրա բաշխվում է նաև Կարեն Կարապետյանի ԱԺ պատգամավորի աշխատավարձը: Ուսումնական տարվա վերջին մենք այդ գումարներին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից հավելում ենք որոշակի գումար, և բոլոր մանկատների շրջանավարտները ստանում են 300 հազարական դրամ»: