ՆԱՏՕ-ն դեռ մտադիր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքի կառավարությանը. Ռասմուսեն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ զերծ է մնում Իրաքի կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերելուց. «Ես դատապարտում եմ Իրաքում կատարված հարձակումներն ու բռնությունները:
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Ես պետք է ասեմ, որ Իրաքի կառավարությանը յուրաքանչյուր օգնություն կարող է հաջող լինել միայն ղեկավարության քաղաքական կամքի առկայության ու (բնակչության բոլոր խմբերի շահերը հաշվի առնելով) լայնամասշտաբ պետական քաղաքականության իրագործման դեպքում:
Մենք դեռ չենք տեսնում նման քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ կառավարության կողմից ջանքերի գործադրում: Ինչպես հայտնի է, Իրաքի կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել դաշինքի անդամ առնվազն մեկ երկրից, սակայն ՆԱՏՕ-ն զբաղվում է դաշինքի մասնակիցների հավաքական պաշտպանությամբ»: