
Իրաքի ճգնաժամը կարող է նավթի դեֆիցիտ առաջացնել Թուրքիայում

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքում տիրող ճգնաժամը բացասաբար է ազդում Թուրքիայի տնտեսության վրա, քանի որ նա հանդիսանում է նավթ ներկրող երկիր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Վերջինիս խոսքերով՝ Իրաքի ճգնաժամը կարող է նավթի դեֆիցիտ առաջացնել Թուրքիայում, սակայն Անկարան չի պատրաստվում մեծացնել մատակարարումների ծավալը: Իրաքին է բաժին ընկել այս տարվա առաջին 4 ամսում Թուրքիա ներկրված նավթի 10 տոկոսը:
Տվյալ հարցում առաջատարն Իրանն է՝ 18 տոկոս, ապա գալիս են Ռուսաստանը՝ 14 տոկոս, Նիգերիան ու Սաուդյան Արաբիան՝ 11-ական տոկոս, Հնդկաստանը՝ 7 տոկոս, Հունաստանը՝ 6 տոկոս: 2013 թվականին Թուրքիան ընդհանուր առմամբ ներկրել է 18.554.000 տոննա հում նավթ: