
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել սահմանի հարցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել պետական սահմանի հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Ուկրաինայի խորհրդարանը երեկ երկրի կառավարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում հաստատել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի միակողմանի սահմանազատում անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դրա հետ կապված՝ Կարասինը հիշեցրել է, որ սահմանային հարցերն արդեն իսկ առաջին տարին չէ, ինչ քննարկվում են երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, որին մասնակցում են երկու երկրների դիվանագետները, սահմանապահները և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ.
«Այդ աշխատանքը տարվել և տարվելու է: Ներկայումս կարևոր է կարգավորել սահմանին տիրող իրավիճակը: Ամենագլխավորը դա խելամտորեն անելն է՝ առանց երկկողմ հարաբերությունների վնասելու»: