Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ից դուրս է եկել 17 հոգի

Ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության տարբեր ուղիներ կան, ՕԵԿ-ը գնում է իր քաղաքական ուղիով, որը բազմաթիվ դեպքերում համընկնում է ԱԺ ոչ իշխանական ուժերի դիրքորոշումների հետ: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

ԱԺ նիստում քվորում չապահովելու հետ կապված` Շահգելդյանը նշեց, որ դա յուրահատուկ բողոքի արտահայտություն էր, որովհետև 39 օրենքների մի մասը չէին անցել հանձնաժողովներով. «Դա նաև քաղաքական համերաշխության դրսևորում էր, մեզ դիմել էին»:

Հարցին՝ ընդդիմություն դառնալուց հետո ՕԵԿ-ից քանի անդամ դուրս եկավ, Շահգելդյանը պատասխանեց, որ 17 հոգի դուրս է եկել, որից 8-ին իրենք են հեռացրել: Նա հավելեց, թե ընդդիմություն դառնալուց հետո ներհոսք կա, բայց խուսափեց պատասխանել, թե քանի անդամ ունի կուսակցությունը. «Աշնանն ընդհանուր թիվը կամփոփենք ու աշնան կողմ կխոսենք»:

Շահգելդյանը նաև հայտնեց, որ ՕԵԿ-ի քաղաքական խորհրդակցությունների ժամանակ քառյակում մասնակցության հարց չի քննարկվել և նման խնդիր դրված չէ:

«Արթուր Բաղդասարյանը ԱԽ անդամ է մնում, նաև ՀԱՊԿ ակադեմիայի ղեկավարն է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս