
ՌԴ-ը կվճարի հավելյալ գին, եթե չազդի Ուկրաինայի անջատողականների վրա. Բայդեն

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատելու է իր դաշնակիցների հետ, որպեսզի Ռուսաստանին ստիպի վճարել հավելյալ գին, եթե Մոսկվան չօգտագործի իր ազդեցությունը՝ կանգնեցնելու համար Ուկրաինայի արևելքում անջատողականների կողմից բռնությունները:
Բայդենը վճռական աջակցություն է հայտնել Պորոշենկոյի համառ ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայի արևելքում խաղաղության ու անդորրի վերականգնմանը: Պորոշենկոն երեկ հայտարարել է երկրի արևելքում ռազմական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու մասին: Ուկրաինայում, սակայն, չեն բացառում, որ զինյալները կարող են օգտվել հրադադարից՝ իրենց ուժերը վերադասավորելու համար: