ԲՀԿ-ն՝ նոր փորձության դիմաց . «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի միասնական գործունեությունը երեկ Ազգային ժողովում փոխեց իշխանական մեծամասնության որոշումները: ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները լռելյայն որոշեցին չքվեարկել քվեարկությանը ներկայացված օրինագծերին, ու դրանք տապալվեցին:
Ընդ որում` նրանք տապալեցին այն նախագիծը, որին, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, կողմ են արտահայտվել:
Այսպիսով, տապալվեց այդ օրինագծերն Ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով քննարկելու առաջարկությունը: Եվ դրանք հիմա պետք է քննարկվեն սովորական ընթացակարգով, կամ էլ նման մի նոր առաջարկություն պետք է ներկայացվի:
Տապալվեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված մի օրինագիծ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Վ. Բաղդասասրյանն ընկան խուճապի մեջ և չէին կողմնորոշվում՝ ինչ անել: Ընդդիմության այս քայլը խորհրդարանում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Այս արտահերթ նստաշրջանի քննարկման օրակարգում է, ինչպես նշեցինք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծում փոփոխություններ անելու մասին կառավարության նոր նախագիծը:
Ոչ իշխանականները գտնում են, որ կառավարության այդ փոփոխությունները չեն համապատասխանում իրենց պահանջներին, եւ որ կենսաթոշակային պահումները պարտադիր են լինելու: Ոչ իշխանականներից առայժմ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ նախագծի վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել:
Երեկ նրանք «Կանյաչնիում»՝ կուսակցության գրասենյակում հավաքվել էին քննարկելու նաեւ այդ հարցը, սակայն այդպես էլ որոշում չեն կայացրել: Եվ առայժմ հայտնի չէ, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կորդեգրի այդ նախագծի վերաբերյալ:
Բանն այն է, որ գործող օրենքի դեպքում բոլորովին այլ իրավիճակ էր, այն ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, եւ այդ կուսակցությունը ցանկացած պարագայում անարգանքի սյունին էր նրան գամում: Հիմա վարչապետը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է, եւ պարզ է, որ այդ կուսակցությունը նրան կքննադատի բավականին մեծ վերապահումով: Եթե իհարկե` քննադատի:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի ընդունումը ինչ-որ առումով կախված է ԲՀԿ-ից: Եվ ՀՀԿ-ի հույսը մնում է ԲՀԿ-ն: Եթե ԲՀԿ-ն իսկապես որոշի տապալել այդ նախագիծը, երեկվա նման քվեարկությանը չի մասնակցի:
Իսկ եթե ընդդիմադիր դիրքերից ներկայանալու նպատակով «դեմ» քվեարկի նախագծին, ապա այդպիսով կօգնի ՀՀԿ-ին եւ Հ. Աբրահամյանի օրինագծի ընդունմանը: Այնպես որ` ԲՀԿ-ին առաջիկա մի քանի օրերին այս առումով փորձություն է սպասվում»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։