
Աֆրիկյան կրքեր. «Հրապարակ»

«Աֆրիկյանների շենքի մոտ մի քանի օր է լարվածությունը չի թուլանում։ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները պարզապես հերթապահում են շենքի մոտ եւ ամեն ինչ անում են շենքի դեմ ուղղված ոտնձգությունները կանխելու համար»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Երեկ նրանք երթ էին անում քաղաքում՝ ի պաշտպանություն հմամենի շենքի: Ակտիվիստները, որ հազիվ մի քանի տասնյակ երիտասարդներ են, ահազանգել են բոլորին, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մշակույթի նախարարություն:
Նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը ահազանգից հետո ժամանել է այստեղ, սակայն նրան անգամ թույլ չեն տվել մտնի ապամոնտաժման հրապարակ, նա բանվորների հետ շփվել է հեռվից՝ հորդորելով դադարեցնել աշխատանքները: Ապա կապվել է կառուցապատողի հետ, ինչ որ օրենքներ մատնանշել:
Ակտիվիստների խոսքով՝ կառուցապատողն արհամարհել է եւ իրենց, եւ նախարարության հորդորը: Պայքարը շարունակվում է: Տեսնենք ով կհաղթի՝ իր երկրի ու նրա պատմության համար պայքարող երիտասարդները, թե՞ ամեն ինչ ավերող, սեփական երկրի պատմությունից ու մշակույթից փող քամող վայրենիները, որոնք գործում են իշխանության հովանու ներքո»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։