Բաժիններ՝

Արծվիկ Մինասյան. Սա շատ լուրջ ընդվզման նոր ալիքի սկիզբ է դնելու

ՀՀ կառավարությունն այսօր հապշտապ արտահերթ նիստ է գումարել, որտեղ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջակվող փոփոխություններին: Գործադիրն այս օրենքի ընդունումը պայմանավորել է «ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ»: Օրինագիծը ներառվել է ԱԺ վաղվա արտահերթ նիստում և, չի բացառվում, որ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականները նույն հապշտապությամբ այն ընդունեն:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կառավարության օրինագծից. «Աշխատանքային խմբին ներկայացվել էր հնարավոր սցենար, դրա հիման վրա չի կարող օրինագիծ լինել: Այն չի կարող նաև ՍԴ որոշման շրջանակներում լինել, որովհետև ՍԴ որոշումը լրիվ այլ բան է պահանջում, իսկ իրենք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կատարելու համար են ներկայացնում»:

Կուտակայինի վերաբերյալ նոր փաթեթը պետք է նախօրոք՝ մինչև ԱԺ ներկայացնելը, պարտադիր հանրային քննարկման դրվեր: Մեր հարցին՝ առանց հանրային քննարկման հնարավո՞ր է ընդունեն, Ա.Մինասյանը պատասխանեց. «Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Ամեն ինչ»:

Նա նշեց, որ աշխատանքային խումբը նոր համակարգի սկզբունքների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել կառավարությանը, սակայն դրանց վերաբերյալ արձագանք դեռ չկա:

Կարդացեք նաև

Արդյոք կառավարության առաջարկների որևէ կետ համընկնո՞ւմ է իրենց առաջարկներին, Ա.Մինասյանը նշեց. «Ոչ, բացառությամբ երկու դրվագի, այն էլ՝ շատ թերի: Առաջինը՝ երբ աշխատող մայրերը գնում են երեխայի խնամքի, մենք ասել էինք, որ սկզբունքորեն նրանց պետք է շարունակեն վճարել կենսաթոշակային վճարները, իսկ իրենք որոշել են, որ դա անելու են, բայց 5000 դրամի չափով, ինչն աբսուրդ է: Օրինակ՝ բարձր աշխատավարձ ստացողի համար այդ գումարը ոչ մի հարց չի լուծում: Երկրորդը՝ մինչև հուլիսի 1-ը պահված գումարները իրենք գրել են, որ վերադարձվում են այն անձանց, որոնք համակարգում չեն: Այսինքն՝ շիլա-շփոթ են արել: Այդ ամեն ինչը գալիս է հարցադրումից՝ եթե իրենք պահում են կուտակային պարտադիր բաղադրիչը, այլևս անիմաստ է որևէ այլ հարցի մասին խոսելը: Հակասահմանադրական դրույթը չի կարող լինել: Դա Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջ է»:

Ա.Մինասյանը դժվարացավ պատասպանել, թե ինչ քայլեր կձեռնարկվեն հանրության կողմից. «Սա նշանակում է, որ մարդիկ բացահայտ ասում են՝ մենք արհամարհած ունենք Բարձրագույն դատարանի որոշումը, հանրությանը: Ես դժվարանում եմ այս պահին ասել հնարավոր զարգացումները: Մի բան պարզ է, որ սա արժանանալու է հանրության ոչ միայն արհամարհանքին, այլև շատ լուրջ ընդվզման նոր ալիքի սկիզբ է դնելու»:

Հավելենք, որ կառավարությունն հավանությանն արժանացած փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս