Ուկրաինայի ԱԳՆ-ը բացատրել է Պուտինի վերաբերյալ Դեշչիցայի խոսքերը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի վիրավորական հայտարարությունը բացատրել է ցուցարարներին հանդարտեցնելու փորձով, որպեսզի նրանք ուժ չկիրառեն Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան շենքի դեմ:
Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ Դեշչիցան դրանով իսկ հասել է իր առջև դրած նպատակին: Նա հավելել է, որ Դեշչիցան հունիսի 14-ին գնացել է ռուսական դեսպանատան մոտ, որպեսզի ներազդի ցուցարարների վրա և դրանով իսկ պաշտպանի ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքը:
Ինչ վերաբերում է Դեշչիցայի արտահայություններին, ապա Պերեբիյնիսն ընդգծել է, որ դա եղել է ցուցարարներից մեկի հետ Դեշչիցայի մասնավոր զրույց, որը նա չի մեկնաբանում: Պերեբիյնիսի խոսքերով՝ իրենք այդ կապակցությամբ պաշտոնական որևէ դիմում չեն ստացել ռուսական կողմից: