Գևորգ Պողոսյան. ՕԵԿ-ին մեծ ապագա չի սպասում
Երկու ամիս առաջ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը hetq.am-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կձգտի համագործակցել քառյակի հետ, կդրսևորի իրեն որպես ընդդիմադիր ակտիվ կուսակցություն, բայց չի կարողանա վերականգնել իր համբավը հասարակության շրջանում: 168.am-ը սոցիոլոգի հետ զրույցում փորձեց պարզել՝ արդյո՞ք դա դեռ այդպես է:
-Դա դեռ այդպես է, իրոք: Այսինքն՝ համագործակցել առանձնապես չի ստացվում, դե վարկն էլ վերադարձնելն այդքան հեշտ չէ: Դա մի ամսվա, երկու ամսվա պատմություն չի… Այնպես որ, դեռ պետք է շատ աշխատեն:
– Ի՞նչ եք կարծում՝ ՕԵԿ-ը կփորձի՞ միանալ քառյակին, թե՞ առանձին ընդդիմություն կմնա:
– Չէ, կարծում եմ, որ իրենք բոլոր դեպքերում կձգտեն միանալ, որպեսզի համարվեն ընդդիմադիր դաշտում ընդգրկված: Իրենց լեգիտիմացիան ընդդիմադիր դաշտում լիարժեք կլինի այն դեպքում, եթե քառյակը իրենց ընդունի: Բայց եթե չընդունի էլ` նրանք շարունակելու են գործել ակտիվ, բայց, իհարկե, կուզենան միանալ: Դա փաստորեն ընդդիմադիր դաշտի լեգիտիմացման գործընթացը քառյակի կողմից ընդունված լինելն է:
– ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե քառյակի մասշտաբում ՕԵԿ չկա: Դուք կիսո՞ւմ եք նրա այդ տեսակետը:
– Դե դա առանձին պատգամավորի կարծիք է: Քառյակը առայժմ չի ընդունել ՕԵԿ-ին, բայց, չգիտեմ, դժվար է ասել, չի բացառվում, որ ինչ-որ մի պահ իրենց պետք լինի ՕԵԿ-ին էլ ընդունել, որ ձայները շատանան: Սա քաղքական տակտիկայից է կախված… դժվար է կանխագուշակել: Դա շատ սիտուատիվ է: Ինչ-որ մի պահ կարող է՝ անհրաժեշտ լինի, որ ՕԵԿ-ը միանա: Այնպես որ՝ չեմ բացառում:
– ՕԵԿ-ը ինչի՞ց է վախենում:
– ՕԵԿ-ը հիմնականում, ես չգիտեմ՝ ինչից է վախենում, բայց ես կարծում եմ՝ պետք է վախենա նրանից, որ կորցնում է իր և՛ կողմնակիցներին, և՛ կուսակցության անդամներին, կողմնակիցների ձայները, և՛ բնակչության սատարումը, որովհետև մի քանի անգամ դուրս գալ ընդդիմադիր դաշտ, վերադառնալ իշխանություն, նորից դուրս գալ… սա բոլոր դեպքերում վստահություն չի ներշնչում իր քաղաքական գծի վերաբերյալ: Դրա համար ՕԵԿ-ին ամենադժվարը լինելու է այն, որ ինքը կորցնելու է ձայներ. իր ընտրողների ձայները ինքը կորցնում է՝ իմ կարծիքով: Իսկ կուսակցություն համար դրանից ավելի շատ վախենալու բան ի՞նչ կարող է լինել:
– ՕԵԿ-ը չի միանում քառյակին, քանի որ առաջարկ չի ստացե՞լ, թե՞ մտածում է, որ կմերժեն:
– Համոզված եմ, որ նա մտածում է, որ հիմա մերժելու են, չի ուզում մերժված լինել, որովհետև մերժվածին հետո ավելի դժվար է վերականգնվել, քան եթե չես մերժվել, բայց շանսը միշտ մնում է:
– Արդյո՞ք նրանք սպասում են ձեր ասած այդ հարմար պահին:
– Այո, հարմար պահին սպասելու խնդիրն է: Ինքը ուրիշ տարբերակ չունի: Իշխանության դաշտում ինքը արդեն չի կարող ելույթ ունենալ, որովհետև հայտարարել է, որ դուրս է եկել: Եթե համարենք, որ ընդդիմության դաշտը քիչ թե շատ միավորված է՝ գոնե քառյակի ձեւաչափով, ապա ՕԵԿ-ն այնտեղ էլ ընդունված չէ: Այսինքն՝ հիմա ինքը դատապարտված է ինքնուրույն քաղաքականություն, ինքնուրույն ինչ-որ վարքագիծ ու դրսևորումներ իրականացնելու՝ եթե ուզում է երևալ, իսկ իրենք ուզում են երևալ: Իմ կարծիքով՝ ՕԵԿ-ին մեծ ապագա չի սպասում: Ուրիշ հարց, որ ինքը՝ Արթուր Բաղդասարյանը, անձամբ որպես քաղաքական գործիչ, համոզված եմ, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կդնի: