Հայոց ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում թուրքական ֆիլմում հայուհու դերը մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը
CNN Türk-ի փոխանցմամբ` 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան դրա դեմ պայքարի շրջանակներում նույնպես ֆիլմ է նկարահանում, որում հայուհու (հայ բուժքրոջ) դերը մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը, ով հայտնի է «Տիտանիկ» ֆիլմով խաղացած դերով:
Ֆիլմի անունն արդեն իսկ վերջնականապես ընտրված է` «Իմ հոգու դատարկությունը» (Ruhumdaki Boşluk): Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելու է Մարկ Ուոլբերգը: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվելու են Էրզրումում, Վանում (Աղթամար կղզի) ու Արարատ լեռան շրջակայքում:
Ֆիլմում ուշադրություն է հրավիրվելու նրան, որ հայերը Անատոլիայում «հանգիստ ու բարեկամական միջավայրում» համատեղ ապրել են թուրքերի, քրդերի և այլ էթնիկ խմբերի հետ, սակայն պատերազմը (Առաջին համաշխարհային պատերազմ) խաթարել է այդ անդորը, պառակտել է համայնքներին ու պատճառ դարձել նրանց միջև կռիվների բորբոքման:
Ֆիլմում շեշտադրում է կատարվելու հայերի, քրդերի ու թուրքերի կողմից համատեղ ցավ ապրելու վրա: