
ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան կեսը չի վստահում Օբամային. Gallup

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան կեսը կասկածում է երկրի նախագահի ազնվության վրա: Այս մասին են վկայում հունիսի 5-8-ին ամերիկյան Gallup ընկերության անցկացրած սոցհարցման տվյալները:
Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1207 չափահաս ամերիկացի, որոնց առաջարկել են Օբամային գնահատել 6 չափանիշով: Եվ եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշները կազմում էին ավելի քան 50 տոկոս, ապա այս անգամ դրանք չեն գերազանցել 50 տոկոսի նշաձողը:
Հարցվածերի միայն 48 տոկոսն է կարծում, որ նախագահը հասկանում է այն խնդիրները, որոնց ամեն օր բախվում է շարքային ամերիկացին, միայն 47 տոկոսն է նրան համարում ազնիվ ու վստահության համար արժանի նախագահ, 45 տոկոսը նրանում տեսնում է ուժեղ ու վճռական առաջնորդի, 43 տոկոսի կարծիքով` Օբաման կիսում է իրենց արժեքները:
Միայն 39 տոկոսն է հավատում, որ նա կարող է արդյունավետորեն ղեկավարել կառավարությանը և միայն 34 տոկոսն է հուսով, որ նախագահն ունի երկրի խնդիրների լուծման հստակ պլան: Հարցվածների միայն 29 տոկոսն է կողմ Գուանտանամոյի (Կուբա) բանտի փակմանը, ինչին աջակցում է Օբաման: 66 տոկոսը կարծում է, որ չպետք է գնալ այդ քայլին: