Արամ Կարապետյանը՝ քառյակին. Սիրուն չի
«Այդտեղ քաղաքական հարց չկա, որ քաղաքական գործիչն ինչ-որ բան ասի դրա շուրջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջների մասին:
Ըստ նրա՝ հասկանալի է, որ բոլորն էլ պահանջում են, օրինակ, որպեսզի կարմիր գծերը վերացվեն. «Մեզ, իհարկե, այդ փոփոխություններն անհրաժեշտ են: Բայց ես միշտ մտածել եմ, որ քաղաքական կուսակցությունների գործը համակարգային փոփոխությունների հասնելն է: Ու քանի որ այլևս բան չկա ասելու, ինչ-որ բան պետք է ասեին մարդիկ արձակուրդ գնալուց առաջ: Բայց դա, իմ կարծիքով, քաղաքական ուժերի պահանջներ չեն: Դրանք կարող են լինել յուրաքանչյուր կուսակցության, հասարակական կազմակերպության, աղանդի հերթական պահանջներ: Առավել ևս՝ քառյակը, հիշում եք, ասում էին՝ հեղափոխություն լինի, քաղաքական անալիզ… Ու դուք պատկերացրեք՝ դրանից հետո վեր կենալ, ասել, որ գիտե՞ք՝ ջուրը Սամարայում չի գալիս… Սիրուն չի»:
Ա. Կարապետյանի դիտարկմամբ՝ առաջին հարցը, որ պետք է դրված լիներ նրանց պահանջների մեջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, և ոչ միայն. «Ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, դա արդեն երեկվա հարց է, դա, անխոս, միշտ պետք է լինի: Պետք է բարձրացնեին Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, բացառեին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այսինքն՝ շատ կարևոր է կարծիքը (թեկուզ և իմ կարծիքի հետ չհամընկներ), թե ինչ են իրենք տեսնում արտաքին դաշտում: Ճի՞շտ է, որ մենք գնում ենք Մաքսային միություն, եթե ճիշտ է, ի՞նչ է պետք անել՝ օր առաջ դա իրականացնելու համար: Համակարգային ի՞նչ փոփոխություններ են մեզ անհրաժեշտ, ի՞նչ պահանջներ պետք է դնել համակարգային փոփոխությունների համար»:
Նա նաև նշեց, թե որպես քաղաքական ուժ՝ ինքն ինչ կասեր. «Ես՝ որպես քաղաքական ուժ, հարց կդնեի՝ մեր երկիրը վերջիվերջո ի՞նչ է՝ նախագահական պետությո՞ւն է մնում, այդ դեպքում՝ ես պահանջ կդնեի մասնագիտական կառավարության, պահանջ կդնեի համակարգային փոփոխությունների, այսինքն՝ օրենսդրության և գործադիրի գործելակերպերի համապատասխանեցում: Դրա հետ միասին, նաև ծրագիր կներկայացնեի: Այսինքն, թե ինչ են ուզում Հայաստանի հետ անել:
Ես, օրինակ, ասում եմ՝ ուզում եմ Հայաստանը գնա Մաքսային միություն, բացահայտ ծրագիր եմ ասում, դառնա Եվրոպական տնտեսական միության անդամ, ստանա ինվեստիցիաների համապատասխան քանակ, ստեղծի արդյունաբերության նախարարություն, աշխատի ճանապարհների բացման վրա, և այլն: Այսինքն՝ տեսնո՞ւմ եք, ծրագիր է, դրա մեջ մտնում են քաղաքական փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, և այլն»:
Ա. Կարապետյանի խոսքով՝ ինքը նաև չգիտի՝ եթե մինչև սեպտեմբեր կառավարությունը չիրականացրեց քառյակի պահանջները, քառյակը Սերժ Սարգսյանի՞ն դեմ կլինի, թե՞ կառավարությանը. «Եթե քաղաքական պահանջներ են դրվում, քաղաքական պատասխանատուն, ըստ պահանջների՝ նախագահն է, և այդ քաղաքական պահանջները չկատարելու դեպքում մենք գնում ենք փոփոխության՝ նախագահի, համակարգի, ամեն ինչի, սա քաղաքական պահանջ է: Բա ընդդիմությունն ինչի՞ համար է երկրում: Ու դրանից հետո պետք է լինեն իրենց առաջարկները, թե այդ փոփոխություններից հետո իրենք ինչեր են անելու, որ եթե ժողովուրդը, որը գա հրապարակ՝ «քցելու» նախկին իշխանությանը, իմանա, թե եկողն ի՞նչ է ուզում անել, գոնե կետային կարգով: Ես այդպես կանեի, ու երբ գա ժամանակը՝ կանեմ, իրենք ընտրել են այդ ճանապարհը՝ սոցիալ-տնտեսական հարցերի ճանապարհը. Իսկ դա ցույց է տալիս, որ քաղաքական բաղադրիչը քառյակում չի աշխատում, թող չնեղանան, դա փաստ է»: