Հիլարի Քլինթոնն իր նոր գրքում պատմել է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դժվարությունների մասին
Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Բարդ ընտրություններ» գրքում, որը վաճառքի է հանվել երեքշաբթի, անդրադարձ է կատարված նաև 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը:
Գրքում Հիլարի Քլինթոնն իրեն վերագրում է հայ-թուրքական վտանգավոր արձանագրությունների ճարտարապետի դերը՝ նշելով, որ եթե չլինեին ԱՄՆ-ի ուժն ու հզորությունը, ապա կտապալվեր դրանց ստորագրման գործընթացը:
Քլինթոնի խոսքերով՝ Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ԱՄՆ-ի համար հանդիսացել է պատուհան, որի միջոցով նա փորձել է հասնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը՝ հույս ունենալով, որ կբացվի սահմանը և երկու երկրների միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:
Քլինթոնը վստահեցնում է, որ երկու երկրներում էլ առկա են եղել կոշտ գծեր, որոնք դեմ են եղել փոխզիջումներին և ոչ քիչ ճնշումներ են գործադրել երկու երկրների կառավարությունների վրա՝ նման գործարքի չգնալու համար: Քլինթոնը ոչինչ չի նշում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարն ի հայտ է եկել Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության ժամանակ, իսկ Օբամայի վարչակազմը պարզապես աջակցել է դրան:
Քլինթոնը Հայոց ցեղասպանության խնդիրը, որի ճանաչումը նա քարոզել է իր անհաջող նախագահական կամպանիայի ժամանակ, որակել է որպես Հայաստանի ու Թուրքիայի միջև «էմոցիոնալ հակամարտություն»: Հայաստանին նվիրված գրքի փոքրիկ հատվածում Քլինթոնը չի հիշատակել Ծիծեռնակաբերդ կատարած իր «անձնական այցի» մասին:
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արաձանագրությունների ստորագրման հետ կապված՝ Քլինթոնը գրել է, որ Ցյուրիխ է ժամանել հոկտեմբերի 9-ին, և երբ հաջորդ օրը մեկնելիս է եղել Ցյուրիխի համալսարան, ուր պետք է տեղի ունենար արձանագրությունների ստորագրման արարողակարգը, անմիջապես ի հայտ են եկել խնդիրներ:
Վիճահարույց հարցը կայացել է նրանում, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ցանկացել է ստորագրման արարողակարգից հետո հանդես գալ հայտարարությամբ, ինչը կհակասեր արձանագրությունների ոգուն:
Քլինթոնն ընդգծել է, որ դա կանխվել է իր անձնական ջանքերի շնորհիվ և վերջիվերջո երեք ժամյա ձգձգումից հետո տեղի է ունեցել արձանագրությունների ստորագրումը՝ առանց կողմերի հայտարարությունների:
Քլինթոնի խոսքերով՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մտահոգ է եղել Դավութօղլուի հնարավոր հայտարարության կապակցությամբ և չի ցանկացել ներկայանալ ստորագրման արարողակարգին:
Քլինթոնը հավելել է, որ իրենք մեկ ժամ համոզել են Նալբանդյանին ու Դավութօղլուին՝ կապվածստորագրման արարողակարգին ներկայանալու հետ, որի նախապատրաստությունը տևել է բավական երկար ժամանակ և իրենք պարզապես չէին կարող չեղյալ հայտարարել այն:
Քլինթոնի խոսքերով՝ պահանջվել է ևս 1.5 ժամ, որպեսզի իրենց վերջիվերջո հաջողվի կողմերին համոզել ստորագրել արձանագրությունները՝ առանց հայտարարություն անելու: Նա մանրամասնել է, որ սկզբնական շրջանում Նալբանդյանին փորձել է համոզել Ֆիլիպ Գորդոնը, իսկ ինքը մնացել է մեքենայում, սակայն ավելի ուշ ստիպված է եղել անձամբ բարձրանալ Նալբանդյանի մոտ:
Քլինթոնը գրել է, որ ստորագրման արարողակարգն իրականացվել է արագորեն և իրենք Ցյուրիխը լքել են թեթևացած, սակայն ցայժմ այդ արձանագրությունները չեն վավերացվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի կողմից, և գործընթացն արգելակել է: