Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան. Հովիկ Աբրահամյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար: Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս, ներդնել և 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը և այլն: Օրինագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, իրոք ՀՀ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է օրինագծի մշակմամբ: Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը»: