Կարծես «քառյակի» պահանջների սևագրությունը Հովիկ Աբրահամյանին են ցույց տվել և նրա հավանությունը ստանալուց հետո են հրապարակել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն ըստ էության արձագանքել է «հրաշալի քառյակի» պահանջներից մեկին: Կառավարությունում տեղի ունեցած փոքր ու միջին բիզնեսի աջակցման խորհրդի նիստում ասվել է, որ հոկտեմբերից կառավարությունը նախատեսում է շրջանառության հարկը իջեցնել 3.5-ից մինչև 1 տոկոս: Սա քառյակի պահանջների շարքում է և հանդիսանում է 12-ից մեկը:

Այսինքն՝ խոսքի մակարդակով կարող ենք արձանագրել, որ կառավարությունը 12-ից մեկն արդեն կատարում է: Մնում է պարզել՝ Հովիկ Աբրահամյանի խոսքն իր խնամու նման՝ «գո՞րծ» է, թե՞ գործ չէ կամ «ուրիշ գործ» է: Իհարկե, կառավարության այս նախաձեռնությունը չի ներկայացվում որպես ուղիղ պատասխան քառյակին, սակայն կասկած չկա, որ «քառյակը» սա կներկայացնի որպես պատասխան:

Ըստ էության, Հայաստանում նման «երկխոսության» պրակտիկա արդեն կա: Հիշում եք՝ 2011 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին էր պահանջներ ներկայացնում՝ Ազատության հրապարակի, քաղբանտարկյալների, փաստահավաք խմբի մասով:

Սերժ Սարգսյանն էլ արձագանքում էր, սակայն լրիվ այլ առիթներով, այլ կոնտեքստում, այլ տրամաբանությամբ, ինչը, սակայն, Տեր-Պետրոսյանին չէր խանգարում հետո այդ արձագանքները ներկայացնել որպես արձագանք իր պահանջներին:

Արդյունքում՝ 2011 թվականի գարնանային հզոր ժողովրդական պոռթկումը, որ իր հանրահավաքային բազմությամբ բոլորին, անգամ ՀԱԿ-ին էր զարմացրել, օգոստոսին եկավ հանգեց Սերժ Սարգսյանի հետ երկխոսության, որն էլ մարեց սեպտեմբերին և Տեր-Պետրոսյանին հոկտեմբերին թողեց ընդամենը մի ճանապարհ՝ երկխոսել արդեն ԲՀԿ-ի հետ՝ քաղաքագիտական վերլուծության շրջանակներում:

Սկզբի մասով «քառյակի» պահանջները կարծես թե սկսում են նմանվել հենց այդ գործընթացին: Ահա, Հովիկ Աբրահամյանն արդեն մի կետին արձագանքում է, հետո մի քանի այլ կետերի էլ անկասկած կարձագանքի:

Կարծես թե «քառյակի» 12 պահանջների սևագրությունը Հովիկ Աբրահամյանին են ցույց տվել և նրա հավանությունը ստանալուց հետո են հրապարակել, այսինքն՝ նախապես ճշտել են նրա հետ, թե ինչ կարող է անել կառավարությունը, ինչը կանի, ինչը՝ ոչ:

Հայաստանյան քաղաքական գործընթացները ցիկլ են հիշեցնում, որի ընթացքում փոխվում են սուբյեկտների դերակատարումներն ու տեղակայումները, սակայն ցիկլի տրամաբանությունը չի փոխվում, որևէ նոր բան չի հորինվում:

Այսպես. Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության փոխարեն՝ ստացանք Ծառուկյան-Տեր-Պետրոսյան: Երկրորդ տարբերակում ով կլինի՝ կտեսնենք ժամանակի ընթացքում:

Մի կողմում, կարծես, Հովիկ Աբրահամյանն է լինելու, չի բացառվում, որ մյուսում հայտնվի Գագիկ Ծառուկյանը: Ավելին՝ ըստ էության կարող ենք ասել, որ Ծառուկյանն արդեն հայտնվել է, և իրականում այսօր արդեն ավելի շատ երկխոսություն է առկա Ծառուկյան-Աբրահամյան ֆորմատում, քան Ծառուկյան-Տեր-Պետրոսյան:

Իրականում, իհարկե, հանդիպում են Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը, այս էլ արդեն երկրորդ անգամ, և անկասկած՝ դեռ էլի կհանդիպեն, սակայն իրական երկխոսությունը ԲՀԿ-ն վարում է Հովիկ Աբրահամյանի հետ և նրա հետ է ճշտում այսօր հարաբերությունների, դիստանցիայի չափերը նոր ներիշխանական իրավիճակում»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս