Ինչո՞ւ է «հրաշալի քառյակը» վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի վերջը. պարզաբանում է սոցիոլոգը
«Ցանկացած կետ, որ նշել են, բոլորը իրատեսական կետեր են. կարմիր գծերը, ավտոմեքենաների վարորդների հետ կապված այդ տուգանքների գումարի նվազեցումը մինչև 20 տոկոս… Դրանք բոլորն էլ քննարկման ենթակա են, այսինքն՝ կարող է նվազեցնեն, բայց ոչ թե մինչև 20 տոկոս, այլ 10 տոկոս: Բոլոր դեպքերում կախված է նրանից, թե ինչ չափով դա կիրականացվի և ըստ այդմ՝ հանրության և բնակչության վերաբերմունքն էլ դրա հետ կապված կլինի»,- քառյակի ներկայացրած 12 կետերի մասին 168.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը:
– Քառյակի ներկայացրած այդ կետերը ի՞նչ արձագանք կստանան իշխանության կողմից:
– Կարծում եմ, որ շատ հետաքրքիր առաջարկ է: Նախ՝ բոլոր 12 կետերն էլ արժանի են ուշադրության: Եթե իրոք կառավարությունը այդ 12 կետերն ընդունի, դա բնակչության համար միանշանակ օգտակար առաջարկ է, ուղղակի եթե իրատեսորեն մոտենանք, կարծում եմ՝ դժվար թե էլի ընդունեն: Եթե գոնե 12 կետերի կեսն էլ ընդունեն, առաջարկը օգտակար կլինի, եթե խոսենք բնակչության տեսանկյունից:
– Որպես սոցիոլոգ՝ ի՞նչ եք կարծում՝ բնակչությունն ինչպե՞ս կընդունի այս պահանջները:
– Բոլոր դեպքերում դրանք այն հանգուցային կետերն են, որ միշտ հանրության քննարկման առարկա են եղել, բազմիցս բարձրացրել են այդ հարցերը, հանրահավաքներ են եղել: Այսինքն՝ դրանք հավաքական այն 12 կետերն են, որոնք տարբեր ժամանակներում բարձրացվել են, ուստի միանշանակ դրական է ընկալվելու այդ 12 կետի ընդունումը կառավարության կողմից: Եվ դա նաև այն է, ինչի մասին խոսում էին, որ՝ կառավարության վստահությունը պետք է վերականգնվի: Իսկ դա դրան միանշանակ կնպաստի: Ավելին ասեմ՝ կբարձրանա նաև իշխանության և կառավարության վարկանիշը:
– Ի՞նչ եք կարծում՝ այդ բոլոր կետերը կընդունվե՞ն:
– Ոչ ոք հույս չի կապում, որ հարյուր տոկոսով բոլոր կետերն էլ կընդունվեն և կիրականացվեն, բայց թե ինչ չափով, որ մասով, որ կետերը և ինչքանով՝ ըստ այդմ արդեն սեպտեմբերին, կարծում եմ՝ և՛ ընդդիմությունը, և՛ հանրությունը իր դիրքորոշումը կցուցաբերի: Այսինքն՝ կամ կլինեն բողոքի ցույցեր, կամ կկարծեն, որ կառավարությունը արեց մի երկու քայլ և դա կբարձրացնի վստահությունը իշխանությունների նկատմամբ:
– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է քառյակը աշնանը պատրաստվում կոնկրետ գործողություններ ձեռնարկել:
– Բոլոր դեպքերում հուլիսն ու օգոստոսը ոչ աշխատանքային են, արձակուրդային են: Նաև կապում եմ նրա հետ, որ Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված սեպտեմբերի 30-ն էր սահմանել վերջնաժամկետը: Այսինքն՝ դա այն հարցն է, որ միչև սեպտեմբերի 30-ը պետք է լուծվի, և, ըստ երեւույթին, մնացած 11-ն էլ կապել են դրա հետ և աշնան սկիզբը իրատեսական ժամկետ է բոլոր դեպքերում: