Հայաստանի նախագահի շնորհավորանքը Ուկրաինան գնահատել է որպես բարեկամական քայլ. Ուկրաինայի դեսպան
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան վերադարձել է Հայաստան` խորհրդակցությունների նպատակով Ուկրաինա հետ կանչվելուց երկու ամիս անց: Այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված ասուլիսին նա տեղեկացրեց, որ այս երկու ամսվա ընթացքում Ուկրաինայում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` ընտրվել է երկրի նոր նախագահ, ինչը գնահատվում է` որպես Ուկրաինայում իրավիճակի կայունացման կարևորագույն գործոն:
Նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է Պյոտր Պորոշենկոն, դեսպանը գնահատեց ամենաժողովրդավարականը, ամենաազատը, անգամ` ամենահայրենասիրականը:
«Անկեղծ ասած, կյանքումս այդպիսի ոգևորություն չէի տեսել Ուկրաինայի քաղաքացիների շրջանում, ինչպես այս ընտրություններին էր»,- ասաց նա:
Բնականաբար, լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էին հարցերը` հայ-ուկրաինական հարաբերությունների և Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից հետո այդ հարաբերություններում ի հայտ եկած որոշ լարվածության վերաբերյալ:
Հայաստանի դիրքորոշման փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, որ դեսպանը վերադարձել է Երևան: Պատասխանելով այս հարցին` Իվան Կուխտան նշեց հետևյալը. «Մայիսի 25-ին կայացան նախագահական ընտրությունները, և բառացիորեն երկու օր անց Հայաստանի նախագահը շնորհավորեց նորընտրին նախագահ պարոն Պորոշենկոյին` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուկրաինան դա գնահատեց որպես բարեկամական քայլ, և այդ շնորհավորանքով Հայաստանը ճանաչեց ընտրությունները և դրա արդյունքները, այդ իսկ պատճառով դեսպանը վերադարձավ Հայաստան»:
«Իսկ արդյո՞ք դեսպանին Կիև հետ կանչելը կապված էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» մասին բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկության հետ»,- հարցրեցին դեսպանին:
Վերջինս պատասխանեց անկեղծորեն` այո´, անշուշտ, քաղաքական որոշում էր կայացվել այն մասին, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը կանչվում է խորհրդակցությունների` ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ կապված:
Իվան Կուխտայի բնորոշմամբ` Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները չեն փոխվել, դրանք միայն խորանալու և զարգանալու են:
Անդրադառնալով հարցին` հայ-ուկրաինական հարաբերությունների խորացմանը չի՞ խանգարի այն հանգամանքը, որ Ուկրաինան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը շուտով դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ, Իվան Կուխտան նշեց, որ այդ խնդիրն իսկապես կա, և երկու պետությունների կողմից համապատասխանաբար նշված պայմանագրերը կնքելուց հետո միգուցե ծագեն հարցեր, առաջին հերթին` տնտեսական բնույթի, որոնք պետք է կարգավորել երկկողմ հարաբերությունների մակարդակով:
«Ես կարծում եմ` դա լուծվող հարց է, քանի որ և´ Ուկրաինան, և´ Հայաստանը շահագրգրռված են տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ»,- ավելացրեց դեսպան Կուխտան: