12 կետերը պետք է լրամշակվեն. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Քառյակը հրապարակել է իր պահանջները, որոնք ուղղված են իշխանություններին: Ինքը` փաստը, անշուշտ, դրական է: Հաջորդ քայլը պետք է լինի այդ պահանջների կատարման մեխանիզմների հրապարակումը: Մասնավորապես, դրանց հասցեատերերի հստակեցումը:
Ինձ համար ամենավիճահարույցը երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքների նվազեցումն է: Այստեղ ես, ինչպես արդեն բազմիցս գրել եմ, տեսնում եմ պարզունակ, կասեի նույնիսկ` կոպիտ ամբոխահաճություն եւ մեր ոչ օրինապաշտ քաղաքացիների ստորին բնազդների խրախուսում:
Բայց, հավանաբար, անհրաժեշտություն կա զանազանելու մանր, պատահական, անզգույշ խախտումները միտումնավոր լկտիությունից, որն, ի դեպ, իմ տպավորությամբ, գերիշխում է մեր ճանապարհներին: Ո՞վ պիտի փոփոխություն կատարի Վարչական իրավախախտումների մասին օրենքում: Իշխանությո՞ւնը` իր ընդհանրության մեջ: Ոչ, իշխանության օրենսդիր «թեւը»՝ Ազգային ժողովը: Քառյակը գրում է նաեւ «կարմիր գծերի» մասին: Այստեղ խնդիրը, կարծում եմ, ոչ թե տուգանքի չափն է, այլ այն, որ այդ գծերը քաշել են քաղաքի ամբողջ կենտրոնով եւ պատրաստվում են քաշել ամբողջ քաղաքով մեկ:
Ի՞նչ է, անվճար կայանատեղիներ չպիտի՞ լինեն: Բայց սա էլ քաղաքապետարանի ավագանու խնդիրն է: Քառյակի մի շարք պահանջներ ինձ խիստ տրամաբանական են թվում. վերացնել կուտակայինի պարտադիրը եւ վերադարձնել մարդկանց գումարները (համապատասխան օրենք պետք է ընդունի Ազգային ժողովը), նվազեցնել շրջանառության հարկը, հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը (հրատապ անհրաժեշտություն է, դարձյալ ԱԺ-ի գործն է), գյուղացիներին վարկեր տրամադրել դրամով (Կենտրոնական բանկ), հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը (կառավարություն), բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը (քաղաքապետարան), ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ (ԱԺ, բայց մինչեւ աշուն իրատեսական չէ), փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով (ԱԺ)»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։