Քառյակի 12 կետերը դեմարշ են կառավարության դեմ. ՀՀԿ-ական պատգամավոր «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
– Պարոն Ավետիսյան, իշխանությունները պատրա՞ստ են կատարել ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:
– Ես չեմ ուզում խոսել ողջ իշխանության անունից: Ինքս գտնում եմ, որ դրանց մեջ կան ընդհանրապես անընդունելի կետեր: Կան նաև կետեր, որոնց մասին ոչ միայն իրենք, այլ մենք ենք մտածում, և մեզանից առաջ էլ են մտածել:
Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի հարաբերություններին, որն արդեն երկու տասնամյակ է, կա և դեռ կմնա: Դա վերաբերում է տնտեսության, գյուղատնտեսության հետ կապված խնդիրներին: Այնպես չէ, որ այդ հարցերը նորություն են, և մենք դրանք նոր պետք է քննարկենք:
– Իսկ ո՞ր կետերն եք անընդունելի համարում:
– Չեմ ուզում շատ կոշտ ասել, բայց ինչ է նշանակում բացառել տրանսպորտի գնի թանկացումը: Չեմ կարծում, որ նրանց մեջ չկան տնտեսագետներ, չկան մարդիկ, ովքեր շատ լավ հաշվարկում են այդ խնդիրը:
Սա պարզապես մեկ քայլ է, որ ցույց տան, թե այսօր իրենք ավելի շատ են մտածում ժողովրդի մասին, քան թե իշխանությունները: Նաև ես գտնում եմ, որ եթե այս քաղաքական ուղերձը տեղափոխեն տնտեսական և իրավական դաշտ, փորձեն հաշվարկներ անել, ապա իրենք կհամոզվեն, որ իրենց ներկայացրածի մի մասը չի դիմանում տնտեսական վերլուծության:
Ընդամենը հերթական անգամ փորձում են քայլ անել՝ ժողովրդին ցույց տալու համար, որ իրենք ավելի շատ են մտածում: Սա նաև դեմարշ է կառավարության դեմ, որովհետև իրենք էլ նման հայտարարություն անելուց և կետեր հրապարակելուց առաջ քաջ գիտակցում են, որ դրանց մի մասն իրոք անիրագործելի է, մի մասին էլ ընդհանրապես չարժե անդրադառնալ, իսկ մյուս մասն էլ ժամանակի խնդիր է:
Նրանք, որ կառավարությանը մինչև աշուն ժամանակ են տալիս, այնպես չէ, որ մինչ այդ հանկարծ կախարդական փայտիկով այդ բոլոր խնդիրները կլուծվեն:
– Մինչև աշուն միգուցե դժվար կլինի այդ պահանջները կատարել, բայց իշխանությունները կարող են սկսել դրանց իրագործումը, նախաձեռնել որոշ քայլեր:
– Սկսելու հետ ես համաձայն եմ: Կան որոշ հարցեր, որոնց հետ կապված Ազգային ժողովում եղել են քննարկումներ: Օրինակ` որքան ինձ հայտնի է, Ոստիկանությունը և Արդարադատության նախարարությունն այդ կարմիր գծերի, դրանք տեսանկարահանող սարքավորումների, տուգանքների չափերն իջեցնելու հետ կապված քննարկումներ են արել:
Համենայնդեպս, երբ մեկ-երկու ամիս առաջ ԱԺ-ում քննարկումներ էինք անում, այդ համապատասխան կառույցների ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ այդ հարցը հիմա քննարկվում է: Իսկ կարմիր գծեր հասկացողությունը վերացնելը ես սխալ եմ համարում: Պետք է շատ լուրջ դիտարկվի Երևան քաղաքի տրանսպորտային հանգույցների վիճակը, որովհետև այսօր, ցավոք, դեռևս որոշ փողոցներ այնպիսի վիճակում են, որ եթե կարմիր գծանիշերով կայանատեղիներ են նախատեսում, ապա լրացուցիչ ավելանում է խցանումների քանակը:
– Քառյակը պահանջում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ցանկը:
– 100 տոկոս համամասնականին ես միշտ եմ դեմ եղել, որովհետև որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ այդ ընտրակարգը միայն առավելություններ ունի, թերություններ չունի, իսկ մեծամասնականն առանց առավելությունների ունի միայն թերություններ: Դրա համար ես գտնում եմ, որ այսօր այն, ինչ մենք ունենք՝ խառը համակարգը ընդունելի է, և նույն կերպ պետք է շարունակել: Այլ բան է, որ հօգուտ համամասնական ընտրակարգի լինի համամասնության փոփոխություն, բայց ամբողջությամբ 100 տոկոսանոց համամասնականին ես դեմ եմ:
– Քառյակը ներկայացնում է ժողովրդի հսկայական հատվածը, չե՞ք կարծում, որ իշխանություններն, այնուամենայնիվ, պետք է կատարեն նրանց պահանջները:
– Իշխանություններն էլ են ներկայացնում ժողովրդի ավելի մեծ զանգվածներին, և ես ցավում եմ, որ այսօր ամեն երկրորդը խոսում է ժողովրդի անունից: Թող որևէ մեկին չթվա, թե իշխանությունները կտրված են ժողովրդից, չեն հանդիպում ժողովրդի հետ և չգիտեն կամ չեն լսում նրանց կարծիքը: Մենք շատ լավ գիտենք, թե որտեղ ինչ խնդիր կա: Մենք ընդամենը ասում ենք` եկեք համատեղ քննարկենք, որ այդ խնդիրներին ճիշտ լուծում տանք:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։