Շվեյցարացի պատգամավոր. Ընթանում է Հայաստանի պուտինիզացիա

Դոմինիկ դե Բումանը Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր է և հայ-շվեյցարական բարեկամության պատգամավորական խմբի նախագահը։ Մենք զրուցեցինք նրա հետ հայ-շվեյցարական հարաբերությունների, խնդիրների ու հեռանկարների մասին։

– Պրն դը Բուման, ինչպե՞ս դարձաք հայ-շվեյցարական պառլամենտական խմբի նախագահ։ Նախկինում Հայաստանի մասին շա՞տ բան գիտեիք, շփումներ ունեցե՞լ էիք։

– Ես ընտրվել եմ պառլամենտի անդամ 11 տարի առաջ։ Իմ նախորդը բավականին ակտիվ էր Հայաստանին վերաբերող հարցերում և Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի նախաձեռնողներից էր։ Նա չվերընտրվեց, և բնական էր, որ նրա փոխարեն եկած նոր պատգամավորը պետք է շարունակեր այն նախաձեռնությունները, այն գիծը, որոնք սկիզբ էին առել նրա օրոք։ Բացի այդ, ես Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ եմ, և նաև դրանով է պայմանավորված, որ ես ներգրավված եմ Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերում։ 2003-ի դեկտեմբերին Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ այդ որոշումից մի քանի ամիս անց որոշվեց հիմնել հայ-շվեյցարական բարեկամության պատգամավորական խումբ։ Այդ ժամանակից ի վեր ես այդ խմբի նախագահն եմ։ 2 անգամ եղել եմ Հայաստանում և լավ հարաբերություններ ունենք Հայաստանի ազգային ժողովի, հայ-շվեյցարական բարեկամության պատգամավորական խմբի հետ` Արա Բաբլոյանի գլխավորությամբ։

– Հաջորդ տարի լինելո՞ւ եք Հայաստանում` մասնակցելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։

– Այո, որոշել ենք անպայման այցելել։ Ընդհանրապես, որպես պատգամավորներ` մենք չենք կարող իրականացնել արտաքին քաղաքականություն, սակայն ձգտում ենք նպաստել, որպեսզի Հայաստանում արմատավորվեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները։ Ցանկանում ենք նպաստել ժողովրդարության արմատավորմանը Հայաստանում։

– Դուք Հայաստանում էիք 2008 թվականին և ասել էիք, որ Հայաստանն ու Շվեյցարիան բավականին նմանություններ ունեն` երկու երկրների տարածքը փոքր է, երկուսն էլ քրիստոնյա են, երկուսն էլ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն պետք է իրականացնեն…

– Նաև ավելացնեմ` թե Շվեյցարիան, թե Հայաստանը ելք չունեն դեպի ծով:

– Իսկ որո՞նք են տարբերությունները։

– Մենք հարուստ ենք, դուք` ոչ։ Երևի դա է միակ փոքր տարբերությունը։

– Իսկ ինչպե՞ս անենք, որ մենք էլ հարստանանք։

– Իմ համոզմունքն է, որ մենք պետք է Հայաստանին աջակցենք այդ հարցում։ Գիտեմ, որ դա հեշտ չէ։ Գիտեմ, որ Հայաստանում խնդիրներ կան մրցակցության հետ կապված, կան մենաշնորհներգ Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական կապերը շատ թույլ են։ Պետք է հարաբերությունները պետական մակարդակով ինտենսիվացնել, շվեյցարական ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության մեջ։ Իմ կարծիքով` Շվեյցարիան Հայաստանին կարող է օգնել հատկապես զբոսաշրջության զարգացման հարցում։ Նման համագործակցության օրինակ ունենք Ջերմուկում։ Դա բավականին ժամանակ կպահանջի, բայց հնարավոր է իրականացնել։ Նշեմ նաև, որ ստեղծվել է հայ-շվեյցարական առևտրի պալատ։ Դա, իհարկե, մեծ քայլ չէ, սակայն սկիզբն է։

Սակայն Հայաստանը կարիք ունի փոփոխության` կառավարությունը պետք է փոխվի, իշխանությունը պետք է ավելի բաց դառնա։ Պետք է հաշվի առնվեն ոչ միայն առանձին մասնավոր բիզնեսների շահերը, այլ ողջ ժողովրդի։ Նաև ընդդիմությունը Հայաստանում անորոշ վիճակում է։ Նորից կրկնեմ` Հայաստանի գլխավոր խնդիրը մոնոպոլիաներն են։ Դրանց պատճառով չկա տնտեսական զարգացում, դրա համար էլ մարդիկ արտագաղթում են Հայաստանից։ Դա շատ դրամատիկ պատկեր է։ Շվեյցարիան պետք է օգնի, որպեսզի Հայաստանում հաստատվի ժողովրդավարություն ու օրենքի իշխանություն։ Սա ամենալավ տարբերակն է` հաջողություն ունենալու համար։

– Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Նման պայմաններում իրատեսակա՞ն է հույս ունենալ, որ Դուք որևէ կերպ կարող եք նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։

– Իհարկե, դա չի կարող ուղղակիորեն ազդել կոնկրետ հայ-շվեյցարական հարաբերությունների վրա, առավելևս, որ Շվեյցարիան` ինքը, Եվրամիության անդամ չէ։ Սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների այդպիսի խորացումը, այսպես ասենք, ժողովրդավարական էվոլյուցիայի տեսանկյունից, լավ բան չէ։ Այժմ ընթանում է Հայաստանի պուտինիզացիա։ Սա իմ անձնական կարծիքն է։

– Այս տարվա փետրվարին շվեյցարացիները հանրաքվեի միջոցով խստացրեցին միգրացիոն քաղաքականությունը։ Մասնավորապես, այսուհետ սահմանվելու է ներգաղթողների թվաքանակի վերին շեմ, այդ թվում` Եվրամիության քաղաքացիների համար։ Դա արդյոք բացասաբար չի՞ ազդի հայ-շվեյցարական հարաբերությունների վրա, քանի որ տեղաշարժն ավելի է դժվարանում։

– Այդ օրինագիծը բուռն քննարկումների առարկա դարձավ Շվեյցարիայում, որովհետև օտարերկրյա ներկայությունն այստեղ բավականին մեծ է։ Բնակչության 40%-ն օտարերկրյա արմատներ ունի։ Մեծ խնդիրներ են ստեղծվում ինտեգրացիայի, ենթակառուցվածքների առումով։ Թերևս հենց այդ պատճառով շվեյցարացիները կողմ քվեարկեցին օրինագծին։ Մենք պետք է ամեն տարի թվաքանակ` ներգաղթողների թվի վերին սահման ֆիքսենք տարբեր ոլորտների համար։ Սակայն այժմ մեծ խնդիր է, թե այդ օրենքն ինչ մեխանիզմներով է կյանքի կոչվելու և վերահսկվելու, քանի որ ԵՄ երկրներից աշխատանքային միգրանտների մեծ հոսք կար դեպի Շվեյցարիա։

Իհարկե, Հայաստանը ԵՄ անդամ չէ, այն Եվրոպայի խորհրդի անդամ է։ Ձեր երկրի քաղաքացիների համար մուտքը եվրոպական երկրներ և, մասնավորապես, Շվեյցարիա` առանց այն էլ դժվար է։ Պետք է ունենաք երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր։ Սակայն, եթե խոսքը վերաբերում է կարճատև` տուրիստական այցելություններին, չեմ կարծում, թե խնդիրներ լինեն։

Տեսանյութեր

Լրահոս