Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները մերժվել են
Առանձնակի դաժանությամբ համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտման ենթարկված Մհեր Ենոքյանը, որը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, կշարունակի մնալ ազատության մեջ։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները՝ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ։ Այս մասին գրում է Aysor.am-ը:
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել 29 տարի անազատության մեջ գտնվելուց հետո։
Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։
Նա 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003 թվականին, երբ մահապատիժը Հայաստանում վերացել էր, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։



