«Նաիրիտի» շուրջ զարգացումները շարունակվում են
«168 Ժամի» տեղեկություններով` «Արդշինինվեստբանկը» վաճառել է նախկին մահուդի գործարանը, որը նույն «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն է (Երևան, Շահամիրյաններ 3): Այս ընկերության հետ է կապված «Նաիրիտի» թալանի մութ պատմությունների շղթաներից մեկը: «Հետք» պարբերականը բացահայտել էր, թե «Նաիրիտի» նախկին տնօրեն, ներկայումս տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանի որոշմամբ` 2009-ին գործարանն ինչպես էր ԱՊՀ Միջպետական բանկից 9.4 մլն դոլար վարկ վերցրել ու գնել նույն ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 %-ը: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորվել էր` իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր:
Ընդ որում` այդ ժամանակ «Նաիրիտն» արդեն գրեթե չէր աշխատում և ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ: «Հետքը» նաև բացահայտել էր, որ «Մեգատեքս գրուպ» ընկերությունը Վահան Մելքոնյանի և նրա հարազատների սեփականությունն էր: Այնուհետև «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն գրավադրված էր «Արդշինինվեստբանկում»` 900 հազար դոլարի դիմաց: Մելքոնյանի հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ մոտ 10 մլն դոլարանոց գործարանը վաճառել էր 1 մլն-ով, իսկ Մելքոնյանն արդարանում էր, թե այն ընդամենը գրավադրված է, և «Նաիրիտը» ետ է վերցնելու:
Սակայն մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ գործարք է տեղի ունեցել, և սեփականատերը փոխվել է: Բայց ուշագրավն այն է, որ ըստ նույն աղբյուրների, «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը չի փոխվել: Նա Գարիկ Նազարյանն է, ով Վահան Մելքոնյանի վստահելի մարդն է: Կարելի է ենթադրել, որ, ձևակերպված գործարքի արդյունքում «Մեգատեքսը» կրկին անցել է Վահան Մելքոնյանին, այսինքն` «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն այն վաճառել է ինքն իրեն:
Իրադրությունը պարզելու նպատակով «168 Ժամը» դիմեց ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հարցով, թե նախկին մահուդի գործարանը ե՞րբ է վաճառվել, և ներկայումս ո՞վ է դրա սեփականատերը: Սակայն կոմիտեից պատասխանեցին, որ տեղեկատվության տրամադրումը վճարովի ծառայություն է: «168 Ժամը» կփորձի առաջիկայում պարզել այս գործարքի հանգամանքները: Սակայն, կարծում ենք, որ ավելի գլոբալ առումով «Նաիրիտի» շուրջ կատարված անօրինականությունների բացահայտումն ու գործարանի ճակատագրի առումով դրական լուծումներն այժմ գտնվում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեռքերում, ովքեր առայժմ առնչություն չեն ունեցել «Նաիրիտի» հետ կապված պատմություններին, այսպես ասած, չեն կեղտոտել իրենց ձեռքերը: