«Ամբողջ թիմը, Ղարաբաղի մեր հոգեարժևորման պարագայում` անկախ է, Հայաստան է»

Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մատուցած անակնկալը շարունակում է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման մնալ: Առավել ևս, որ մինչ այս դրա վերաբերյալ հայկական կողմի հնչեցրած հայտարարությունները բոլորովին «ամոքիչ» նշանակություն չեն ունեցել: Երեկ Ազգային ժողովի լիագումար նիստի մեկնարկին պատգամավորները պահանջում էին լսումներ կազմակերպել այս հարցի շուրջ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դեռ մայիսի 29-ին նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` Աստանայում տեղի ունեցածի և այնտեղ հնչած խիստ մտահոգիչ հայտարարությունների վերաբերյալ խորհրդարանին տեղեկատվություն տրամադրելու համար, սահմանված բոլոր ժամկետներն անցել են, սակայն մինչ օրս Նալբանդյանը հարկ չի համարել պատասխանել իր` որպես ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնական նամակին` համաձա՞յն է, թե՞ համաձայն չէ:
«Ես միանում եմ ԲՀԿ-ի և մեր բոլոր այն գործընկերների առաջարկին, ովքեր գտնում են, որ այս քառօրյայում հրատապ պետք է քննարկվի այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, և ինչ մտահոգիչ հայտարարություններ հնչեցին, և ինչ է դա ենթադրելու, և ինչ կարելի է սպասել դրանից»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը՝ շեշտելով, որ պարզաբանումներ են հարկավոր:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց համբերությամբ լցվել, սպասել մինչև չորեքշաբթի, երբ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնարավորություն կընձեռվի հարցադրումներն ուղղել ԱԳ նախարարին: Սահակյանը նաև նշեց, որ կփորձեն արտաքին հարցերով զբաղվող հանձնաժողովներից մեկում քննարկումներ, լսումներ կազմակերպել:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց Աստանայի հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարմանը: «Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ անհանգիստ է, ավելի անհանգիստ, քան սովորաբար: Տեսակետներ կան, որ այդ լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցածի հետ: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի հետ միմյանց անվտանգությունն ապահովելու պարտավորություններ ունենք, բայց ստացվում է անպես, որ մեր գործընկերը հայտարարություն է անում, որը լիցք է տալիս մեր զինվորների կյանքը վտանգելու համար»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

Նշելով, որ ԱԺ օրակարգում է նաև 2012-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004 թ. հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, Ն. Փաշինյանն առաջարկեց խորհրդարանի աշխատանքը սկսել հենց այդ հարցի քննարկումով, հրավիրել ԱԳ նախարարին, որպեսզի ճշգրտումներ կատարեն Ղազախստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Գ. Սահակյանը համաձայնեց, որ հարցը հրատապ է և վերլուծության արժանի, սակայն նշեց, որ կանխակալ տեսակետներով արդյունքի չեն հասնի. «Հանձնաժողովը քննարկում կկազմակերպի: Կփորձենք որոշակիորեն կարծիք կազմել Ձեր ասած խնդիրը պարզաբանելու համար»:

Աստանայում Է.Նալբանդյանի պահվածքը, մեղմ ասած, վրդովեցրել է պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Նա հիշեցրեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ժամանակաշրջանը, երբ Ղարաբաղի հարցը նույն կերպ քննարկվում էր: Ըստ նրա՝ այն ժամանակ Շվեյցարիայում ցանկանում էին Հայաստանին գործընթացից դուրս հանել, սակայն հայկական կողմի փաստարկն ընդունվեց` Ղարաբաղին չի կարելի զրկել տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից: Բագրատյանի խոսքով՝ Ադրբեջանը չհամաձայնեց սահմանը բացել, արդյունքում` այսօր Ղարաբաղում շրջանառվում է հայկական դրամը:

«Խնդիրը շատ պարզ էր, երբ որ ես գնացի Շվեյցարիայում հանդիպելու, երբ որ մեզ ուզում էին ընդհանրապես գործընթացից դուրս հանել, մենք հարց դրեցինք` լավ, Ղարաբաղի հարցը քաղաքականապես աշխարհն ասում է՝ դեռ պարզ չէ, բայց տնտեսապես ի՞նչ են ուզում: Նույն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին` կբացե՞ս ռազմաճակատի գիծը, որպեսզի Ղարաբաղն առևտուր անի աշխարհի հետ: Ադրբեջանը պատասխանեց` ոչ: Այսինքն` Ղարաբաղի տնտեսական գործունեությունն օրինական է: Էս հարցը արտգործնախարարը պիտի իմանա, որպեսզի իմանա, պիտի գա ինձանից հարցնի, էն մարդկանցից, որոնք բանակցել են:

Պիտի հարցնի` էդ ո՞նց է` հայկական դրամն օգտագործվում է Ղարաբաղի տարածքում, իսկ հայկական դրամն աշխարհի բոլոր երկրների բորսաներն ընդունում են վճարման: Պետք է հարցնեն, սովորեն ու վազեն էն մոմենտին, երբ որ նախագահը խոսում էր, նախագահի ականջին դա հուշեին: Սա է նշանակում` պրոֆեսիոնալ աշխատանք: Թե չէ բերել են մինիստրությունները լցրել են անհասկանալի մի նյութով և ուզում են, որ էդ նյութն արտաքին քաղաքականություն անի: Այդպես չի լինում»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իր կարծիքով` Աստանայում ոչ մի էական բան էլ տեղի չի ունեցել, և շրջադարձային ոչինչ չի հետևելու դրան: Նա հերքեց, թե ՀՀ նախագահը, ինքը` ԱԺ նախագահը, և վարչապետը տարատեսակ կարծիքներ են հայտնել Աստանայի հետ կապված. «Չեմ կարծում, որ վերլուծության որևէ խնդիր կա: Խոսքը Ղարաբաղի մասին է, իրականում որպես իրավական միավոր` Ղարաբաղը ճանաչելու գործիքներից Հայաստանը չի օգտվել և չի օգտվել հատուկ պատճառով, բազմիցս ասել ենք այդ մասին, այդ մասին ասել է նախագահը: Մենք բոլորս` ամբողջ թիմը, Ղարաբաղի մեր հոգեարժևորման պարագայում` անկախ է, Հայաստան է, այնպես որ, չի կարելի այսպես վերլուծել, առավել ևս` լրագրողները, կարծում եմ, պետք է նման տիպի մեծ հարցադրումներից խուսափեն, որովհետև այն, ինչ որոշման պատճառ է դառնում, դա բազմաթիվ աշխատանքային քննարկումների արդյունքն է»:

Դիտարկմանը` ՌԴ տնտեսության նախարարը Բաքվում քննարկել է Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միանալու և Ղարաբաղի հարցը, Գ.Սահակյանը պատասխանեց. «Մենք միշտ մոլորության մեջ ենք, մտածում ենք, թե մեր փոխարեն միշտ ուրիշները պետք է մտածեն: Մեր ցանկացած համագործակցության տրամաբանությունը շահեկան վիճակ ստեղծելն է մեզ համար: Իսկ այն երևույթները, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են, որևէ բանակցային պրոցեսներ հնարավոր չի կատարել, կամ, ինչպես լիրիկական մոտեցումները` ինչ-որ մի պետություն կա, որ պարտավոր է մեզ, նման մոտեցումներն ինձ համար ընդունելի չեն:

Մենք մեր փոխհարաբերությունները կառուցում ենք այնպես, որ շահեկան իրավիճակ ստեղծվի: Այսօր խոսում ենք Եվրասիական միության հետ, բայց բազմաթիվ միությունների ու կազմակերպությունների մեջ ենք մտած: Այսինքն՝ ՀՀ-ն գնալով ինտեգրվում է աշխարհին: Այսինքն` այնպես չէ, որ հենց Ռուսաստանի անունն ենք տալիս, փորձում ենք այստեղից վտանգներ տեսնել: Խնդիրը նա է, որ մեզ համար Ղարաբաղի հարցն օգտագործելի լինել չի կարող»:

Ըստ Գ.Սահակյանի` մի կողմից` սառը պատերազմ է, մի կողմից` ոտնձգություններ կան: ԱԺ նախագահը նշեց, թե ադրբեջանական կողմից կրակոցներից պաշտպանվելու առումով ՀԱՊԿ-ի խնդիրը չկա, որովհետև ՀՀ-ն կարողանում է ինքն իր պաշտպանությունն այդ առումով կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս