Կենտրոնական բանկը այս տարվա համար կանխատեսում է 5.4-6.1% տնտեսական աճ
Զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պարագայում, ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացումը որոշակիորեն մեղմել են գնաճային սպասումները: Տարվա արդյունքներով` 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%` գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Վերջին զարգացումներն ավելի հոռետեսական են, քան նախկինում»,- նկատեց Ջավադյանը՝ նշելով, որ գնաճի առումով բացասական արտաքին սպասումներ կան:
Անդրադառնալով դրսից ուղարկվող մասնավոր դրամական փոխանցումներին (տրանսֆերներին) ՝ Ջավադյանը նշեց, որ աճ կա, բայց աճի տեմպն է նվազել, իսկ կանխատեսումներով տարվա վերջում աճ կլինի, բայց տեմպի նվազումը կպահպանվի: ԿԲ նախագահի խոսքվ՝ ներդրումների նվազումը ՀՀ դրամի փոխարժեքի վրա է ազդել. «Դոլարային վարկերը գերակշռում են, և ազդեցությունը զգացվել է: Մի շոկ ենք ունեցել, որի շնորհիվ եղել է համամասնության խախտում՝ 3.5% տնտեսական աճ, բայց 5-6% գնաճ»:
Նա նշեց, որ 2014 թ. արդյունքներով` ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կկազմի 11-13%, ներմուծման իրական աճը` 3-5%, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը` 7-9%: Արդյունքում` տնտեսական աճը 2014 թ. գնահատվում է 5.4-6.1%` հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայության ճյուղերի աճով: Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կկայունանա 5-6% շրջանակներում և մոտ կգտնվի իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: