Ղուշ ու գիր` բախտի հետ. Ըստ մասնագետների, մոլախաղով տարվողների թիվը վերջին տարիներին Հայաստանում տասնապատկվել է. medialab.am
Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակչուհի Անուշ Նազարյանը շատ լավ է հիշում տարիներ առաջ հարեւան բակում կատարված ողբերգական դեպքը, երբ երիտասարդ կինը իրեն նետեց բարձրահարկի 10-րդ հարկից, քանի որ խաղամոլ ամուսինը տանուլ տալով ամեն ինչ` խաղասեղանին էր դրել կնոջ մարմինը: «Ամբողջ թաղամասը ցնցված էր, սակայն, ոչ մեկս չէր մտածում, որ մոլախաղ ասածը օրերից մի օր մեզ էլ կհասնի, կմտնի մեր տները,- «Մեդիալաբին» ասում է Նազարյանը,- Ամենամոտ ընկերուհուս ընտանիքը մեկ տարի առաջ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ եղբայրը խաղացել ու կրվել էր ամեն ինչ`տուն-տեղ, եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ արել: Ոչ մեկը չէր կարողանում մղձավանջի վերջը դնել»:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, ով մոլախաղերով տարված անձանց հետ աշխատելու երկարամյա փորձ ունի, նշում է, որ վերջին տարիներին խաղամոլների թիվն առնվազն տասնապատկվել է:
«Խաղում են բոլոր խավերի, տարիքի, զբաղմունքի տեր մարդիկ,-«Մեդիալաբին» ասում է Խուդոյանը,-վերջին հինգ տարիներին մոլախաղերով տարվողների թիվը տասնապատկվել է: Պատճառները տարբեր են. ստրեսային իրավիճակներ, սպասումներ, հիասթափություններ»:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանափակել խաղատներ կատարվող այցելություններն, ըստ նախաձեռնության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ստեղծված իրավիճակում կարող է եղանակ փոխել:
Նա նշում է, որ օրենքում լրացումներ կատարելու միտքն առաջացել է իրական խնդրի հիման վրա, երբ բազմաթիվ ընտանիքներ դիմել են իրենց` օգնություն խնդրելով:
«Մեզ դիմել են բազմաթիվ ընտանիքներ, ովքեր մոլախաղերի հետեւանքով դժբախտության մեջ են հայտնվել եւ մենք էլ համադրելով միջազգային փորձը` աշխատել ենք եւ ներկայացրել լրացումներ, որոնք իրապես կարող են շատ ընտանիքների համար փրկություն դառնալ»,-«Մեդիալաբին» ասում է Մարուքյանը:
Եթե Խորհրդային Հայաստանում խաղատներ ու խաղասրահներ չկային եւ խաղամոլներն իրենց կրքին հագուրդ էին տալիս ընդհատակյա վայրերում`ղումար խաղալով, ապա Հայաստանի անկախացումից հետո, վառվռուն լույսերով եւ ցուցանակներով խաղատներն ու խաղասրահները ավելի լայն հնարավորություններ բացեցին:
Թեեւ օրենքի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված խաղասրահներն ու խաղատները 2003 թվականին քաղաքից դուրս տեղափոխվեցին, իսկ այս տարվա հունվարի 1-ից ավելի մեծ սահմանափակումների շնորհիվ, այդ կառույցների մեծ մասը 40 միլիարդ դրամից (մոտ 100 միլիոն դոլար) ավելի ներդրումային ծրագիր չունենալու դեպքում էլ ավելի հեռու` Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ կտեղափոխվեն, այնուամենայնիվ, ըստ մասնագետների, տարբեր պատճառներով պայմանավորված, մոլախաղերով տարվողների թիվը շարունակում է աճել:
«Եթե շատ երկրներում խաղատուն գնալը զվարճանք է, ապա Հայաստանում եւ երեւի թե Կովկասում ազարտի, խաղամոլության հետ է կապվում եւ հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում: Շատերը կուզենային կարողանալ վերահսկել իրենց, դրա վառ վկայությունը մեր մուտքի մոտ ամեն օր սպառվող հոգեբանի մեծ թվով այցեքարտերն են,-«Մեդիալաբին» ասում է Երեւանին մոտ գտնվող մեծ խաղատներից մեկի աշխատակիցը, ով ցանկացավ անանուն մնալ,-Օրենքի առկայության դեպքում մարդիկ ավելի պաշտպանված կլինեն»: