Բաժիններ՝

Կոնստանտին Սիմոնով. Գազի գինը 5 տարի չթանկացնելու պարտավորություն «Գազպրոմը» չի ունեցել

Ասում է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:

– Պարոն Սիմոնով, անցած տարի ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմ» ընկերությունը համաձայնագիր ստորագրեցին` մինչև 2043 թ. ՀՀ գազի մատակարարման վերաբերյալ: Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին գազը չի թանկանա, սակայն արդեն այս տարվանից ՀՀ-ն 1000 խմ-ի համար շուրջ 30 դոլար ավելի է վճարում, քան նախկինում: Ինչո՞ւ են խախտվել պայմանավորվածությունները, ինչո՞վ է սա բացատրվում:

– Իրականում պայմանագիրն այն մասին չէր, որ գազի գինը չի փոխվելու 5 տարվա ընթացքում: Ինչքանով ինձ է հայտնի, գինը փոխելու պարտավորություն «Գազպրոմը» չի ունեցել: Խոսքն այն մասին էր, որ Հայաստանը գնային լուրջ զեղչ էր ստանում, այդ թվում` «ՀայՌուսգազարդի» մնացած 20 % բաժնետոմսերը «Գազպրոմին» հանձնելու դիմաց: Ընդհանուր առմամբ, եթե նայենք հետսովետական տարածքին, ապա Հայաստանը գազ է ստանում ամենացածր գնով, բացառությամբ` Բելառուսի: Այդ առումով, իմ կարծիքով, դժգոհելու առիթ չկա, այսինքն` Հայաստանը ստացել է ամենացածր գները, և դրանք պահպանվում են: Եվ այսօր դրանցից մի քիչ ավելի ցածր է միայն Բելառուսին մատակարարվող գազի գինը: Այնքան էլ կոռեկտ չէ բարձրացնել պարտավորությունների խախտման հարցը, իմ կարծիքով, պայմանագրում կետ չկար, որ գինը 5 տարի չի փոխվելու:

– Նման հայտարարություն, որ գազի գները 5 տարի կայուն կմնան, անում էին քաղաքական գործիչները և, առաջին հերթին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (ԵԿՄ համագումար, 15 փետրվարի, 2014թ.):

– Այն, ինչ ժողովրդին խոստացել են քաղաքական գործիչները, այլ պատմություն է, իսկ առևտրային ընկերությունների միջև ստորագրված պայմանագիրը` այլ: «Գազպրոմը» խոստում չի տվել, որ 5 տարի ոչինչ չի փոփոխվի, բայց Հայաստանին հարմար գին տրամադրելու պայման դրվել է, և այն պահպանվել է: Օրինակ` համեմատեք Հայաստանին և Ուկրաինային մատակարարվող գազի գները և դուք կհասկանաք, որ ահռելի տարբերություն է: Եվ ձեր գինը, ի դեպ, շատ ավելի բարձր չէ, քան ռուսական սպառողների համար սահմանված սակագինը:

– Պայմանագրով գազի գինը կապվել է ռուսական ներքին գնային համակարգին, մասնավորապես` Օրենբուրգի մարզում գործող գնի հետ: Այնտեղ փոխվե՞լ է գազի գինը:

– Մենք ՀՀ-ի համար գազի գինը փոխկապակցել ենք ռուսական ներքին շուկայի գնի հետ: Գները, ինչպես գիտեք, անցած տարի բարձրացել են: Ընթացիկ տարում որոշում է ընդունվել դրանց սահմանափակման վերաբերյալ: Ներկայումս ներքին գների խնդիրը քննարկվում է բավականին ակտիվորեն, որովհետև հիմա մենք պետք է որոշումներ կայացնենք գազային արդյունաբերության ոլորտում երկարատև կտրվածքում գազի գնի կարգավորման վերաբերյալ: Տարբեր հասկացություններ կան, բայց այս տարվա համար գների էական բարձրացում չի լինելու: Տեսակետ կա, որ գազի գինը պետք է փոփոխվի գնաճին համապատասխան, տեսակետ կա, որ հատուկ գործակիցներ են հարկավոր, նաև տեսակետ կա, որ հարկավոր է ազատականացնել այս շուկան: Եվ քանի որ այս տարի Ռուսաստանում գազի գնի էական փոփոխություն չի սպասվում, Հայաստանը ևս մտավախություն չպետք է ունենա, որ գազը կթանկանա:

– Պարոն Սիմոնով, Բելառուսում և Հայաստանում գազի գնի տարբերությունը մոտ 4 անգամ է: Բելառուսը Մաքսային միության անդամ է, Հայաստանն էլ այդ անդամության ճանապարհին է, երկուսն էլ իրենց էներգետիկ համակարգը հանձնել են ՌԴ-ին: Ինչո՞ւ է ՌԴ գազային քաղաքականությունն այդքան տարբեր այս 2 երկրներում:

– Ոչ, գնային տարբերությունը 4 անգամ չէ, մեծ թիվ եք ասում: Բելառուսում Հայաստանի համեմատ ընդամենը 40 դոլարով է էժան:

– Գուցե սահմանի վրա, թեև դա էլ քիչ չէ: Բայց վերջնական սպառողին գազի գնի տարբերությունը բավականին մեծ է: Ի՞նչն է պատճառը:

– Բելառուսը նաև տարանցիկ երկրի գործառույթ է իրականացնում: «ԲելՏրանսգազի» փոխանցումը ռուսական կողմին բավականին ցավոտ գործընթաց էր: Ես կարծում եմ, գազի գնի սահմանման ժամանակ այդ գործոնն էլ է հաշվի առնվում:

– Մոտ 2 շաբաթ առաջ ՌԴ կառավարությունը որոշում ընդունեց 2015-ից մինչև 2017թ. հետաձգել ներքին և արտաքին շուկաներ` համարժեք եկամտաբերությամբ գազի մատակարարման ծրագիրը: Սա ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա:

– Թե ինչ քաղաքականություն կընտրվի գազի ոլորտում, դեռ պարզ չէ, քննարկումներ են ընթանում: Եվ շրջանառվող տեսակետները տարբեր են, բայց ցանկալի կլիներ` խաղի հստակ կանոններ սահմանվեին: Շատերը կարծում են, որ խոշոր ծրագրեր իրականացնելու ժամանակն է, որոնց համար ֆինանսավորում է պետք:

Կառավարության անդամների տեսակետները միանշանակ չեն, մի մասը կարծում է, որ գործակից է պետք, մյուսները դա ճիշտ մոտեցում չեն համարում: Որոշ մասնագետներ գտնում են, որ արդեն պետք է բանաձև մշակել ոչ միայն եվրոպական, այլ նաև ասիական շուկայի համար: Այսինքն` շատ տարբեր տեսակետներ կան, բայց քանի որ Հայաստանի գները փոխկապակցվել են ներռուսական գներին, բնականաբար, եթե ինչ-որ հաշվարկի բանաձև ընդունվի, որ գործի ՌԴ-ում, նույնը կլինի նաև Հայաստանում: Ժամանակը ցույց կտա:

– Պարոն Սիմոնով, ուկրաինական դեպքերի հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունեք, միջազգային պատժամիջոցները կազդե՞ն էներգետիկ համակարգի վրա, մասնավորապես` նաև ՀՀ-ի վրա:

– Պատժամիջոցներն ի՞նչ պետք է անեն: Եթե խոսում ենք ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելու մասին, ապա դա հիմարություն է: Եվ դա տեղի չի ունենա, որովհետև Եվրոպան չունի որևէ այլ տարբերակ: Եթե խոսենք ռուսական սարքավորումներից հրաժարվելու մասին, ապա դա կարող է տեղի ունենալ, դա կարող է մասնակիորեն վտանգել որոշ ծրագրերի իրականացումը: Ամեն դեպքում, մինչ օրս, չնայած ոմանք սպառնալիքներ են հնչեցնում, բայց նոր ագրեսիա չենք տեսնում, ներդրողները չեն հեռանում Ռուսաստանից: Եվ ես չէի ասի, թե պատժամիջցները լուրջ բացասական հետևանքներ կունենան, առավել ևս, որ դա կարող է ինչ-որ կերպ ազդել Հայաստանի վրա: Այսինքն` պատժամիջոցների ուղղակի ազդեցություն Հայաստանի վրա, անկեղծ ասած, չեմ տեսնում: ՌԴ-ՀՀ համագործակցությունը կզարգանա այնպես, ինչպես զարգանում էր:

– ՀՀ-ում խոսվում էր, որ ռուսական կողմը հետաքրքրված է Որոտանի հէկ-երի ձեռքբերմամբ, բայց, ի վերջո, այն վաճառվեց ամերիկացիներին: Ինչպե՞ս ռուսները համաձայնեցին ԱՄՆ ներկայությանը ՀՀ էներգետիկ համակարգում:

– Ես չեմ կարծում, որ ռուսական կողմը դրան խանդով կամ բացասաբար է վերաբերվում: Ի վերջո, մենք ՀՀ-ում ներդրումների որևէ մենաշնորհ չունենք: Կարծում եմ, որ բացասական գնահատականներ կամ գաղտնի դժգոհություններ չկան: Հակառակը՝ կարծում եմ, դրական է, որ Ռուսաստանը չդիտարկվի` որպես մշտական ներդրող, որն ամեն ինչ կգնի սահմանված պայմաններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս