Բաժիններ՝

Ռուբեն Բաբայան. «Մյուս քայլը պետք է լինի Երևանի կենտրոնում Լենինի արձան դնելը» (տեսանյութ)

«Յուրաքանչյուր գաղափար, մտահղացում պետք է հասցնել իր բնական գագաթնակետին: Միկոյանը, վերջիվերջո, մի օղակ է այդ ամբողջ համակարգի մեջ, որը հիմնեց, գլխավորեց, հրաշալի ժառանգություն տվեց Լենինը: Եվ եթե տրամաբանորեն մոտենանք, ապա, կարծում եմ՝ մյուս քայլը պետք է լինի անպայման Երևանի կենտրոնում Լենինի արձան դնելը: Կամ՝ ոչ թե դնելը այլ այդ գաղափարը մեջտեղ բերելը: Որովհետև ես անձամբ շատ շնորհակալ եմ քաղաքապետարանից, որ առաջ բերեց Միկոյանի արձանի որոշումը: Եկել է մի սերունդ, որը չգիտի՝ ով է Միկոյանը: Ապրում է մի սերունդ, որը մոռացել է՝ ով է Միկոյանը կամ՝ չի ուզում հիշել:

Իսկ այս ամբողջ աղմուկը, վերջիվերջո. բերեց և իրականության դեմքը ցույց տվեց: Հիմա մարդիկ ազատ են կողմնորոշվելու՝ արդյոք նրանք այս արժեքային համակարգի կողմնակի՞ց են, թե՞ իրենք չեն ընդունում այդ արժեքային համակարգը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, և ընտրության իրավունքն ի վերուստ տրված իրավունք է, և մարդը այնքանով է մարդ, ինչքանով կարողանում է ժամանակի մեջ ճիշտ ընտրություն կատարել: Մենք հաճախակի լսում ենք՝ այս տեսակ ժամանակներ են, այն տեսակ ժամանակներ են: Յուրաքանչյուր ժամանակի մեջ կարելի է լինել և´ կարգին մարդ, և´ սրիկա: Եվ պատմությունը ցույց է տալիս դա: Ավելին ասեմ՝ չկա սրիկայական ժամանակ, կա սրիկաների ժամանակ, երբ սրիկաները կարողանում են իրենց մտադրությունները իրականացնել, և այդ ժամանակի մեջ իրենց լավ են զգում»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ռուբեն Բաբայանը համոզված է, որ սա այժմ ոչ թե ժամանակի հարցն է, այլ «մեր ընտրության»: «Այնպես որ, կարծում եմ՝ պետք է ուղղությունը պահպանել մինչև վերջ և ինչո՞ւ չէ՝ նաև Լենինի արձանը… Մալենկով կարելի է»:

Ի պատասխան այս հայատարարություններին, ասուլիսի մյուս բանախոս, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ասաց, որ Ռուբեն Բաբայանի ասածի մեջ հումոր, հեգնանք նկատեց. «Լենինին լավ իմանալով հանդերձ՝ ժողովրդի մեջ տարածված է ատելությունը. նա, իհարկե, հանճարեղ մարդ է եղել: Պատահական չի ոչ մի բան: Եվ Միկոյանի մասին չի կարելի ասել, որ նա սրիկա է եղել: Բոլոր ժամանակները տվել են այդպիսի մարդիկ, բայց նա հանճարեղ քաղաքական գործիչ է եղել: Եվ ես չեմ ընդունում այն միտքը, որ՝ ի՞նչ է արել մեր ազգի համար… Իսկ ի՞նչ է արել մեր ազգի համար Բաբաջանյանը, Իսակովը. բայց արել են համամարդկային բաներ, արել են մեծ բաներ… Եթե նեղացնում ենք ազգի հարցը, արդեն խայտառակ վիճակի մեջ ենք ընկնում: Չի կարելի այդքան նեղացնել: Բաբաջանյանն էլ շատ բան է արել, Իսակովն էլ, Բաղրամյանն էլ՝ բոլո´րն էլ: Բոլորն էլ մեծ բան են արել: Եվ մենք պիտի հպարտ լինենք, որ մարդիկ ունենք, այսպես ասած, միջազգային արենայում. երեւույթներ են դրանք, անհատներ են դրանք»:

Կարդացեք նաև

Նա նաև նշեց, որ թերթել է Ա. Միկոյանի կենսագրությունը և եկել է այն եզրահանգման, որ նա «ֆանտաստիկ խելքի տեր մարդ է եղել»: «Եթե մենք սկսենք մանրացնել այդպիսի մանր բանրով…Նախ՝ երկու կողմ ունի նա՝ և´ նեգատիվ, և´ պոզիտիվ: Եթե դուք ստվերի մասին եք խոսում, նաև լույսի մասին խոսեք: Առանց լույսի ստվեր չի լինում»,- ասաց Ֆ. Առաքելյանը:

Ռ. Բաբայանը նշեց, որ այս հարցում կարևորը արժեքային համակարգն է, թե՝ տվյալ մարդը, ում արձանը պատրաստվում են տեղադրել, ի՞նչ արժեքային համակարգի է ունեցել. «Ես կարող եմ բազմաթիվ դրական հատկանիշներ բերել Ադոլֆ Հիտլերից. նա չէր խմում, չէր ուտում, ուներ մի կին, երբեք սիրուհիներ չուներ, նա բուսակեր էր… Ասենք, որ Հիտլերը դա միանշանակ կերպար չի՞, իսկ, օրինակ, Չերչիլը հակառակը՝ և՛  խմում էր, և՛ ուտում էր, և՛ բազմաթիվ սիրուհիներ ուներ… Ազգային, պետական, կրոնական շահերով՝ ամեն ինչ կարելի է արդարացնել, բացի մի շահից՝ մարդկային շահից: Եթե մարդը կենտրոնում է՝ ոչ մի բանով չես արդարացնի այդ ստորություններն ու սպանությունները: Համակարգը այդպիսինն է. համակարգը մարդուն վերացնում է: Բայց Միկոյանի արձանը այսօր գաղափար է, կարծում եմ՝ արձանը չի կանգնեցվի, արդեն պարզ է»,- ասաց Ռուբեն Բաբայանը, ում ընդհատելով Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ ընդունում է այդ տեսակետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս