«Անկախություն կգովայինք… ո՞ւր է մեր անկախությունը, անկախությունը սա՞ է… էսօր մենք անկախ ենք, բայց սոված ենք, աշխատանք չունենք…»
asparez.am-ը գրում է. Գյումրու Մոդուլների տնակներ ավանի խնդիրներին, բնակիչների կյանքին ու կենցաղին անդրադարձել էինք վերջերս: Թաղամասը գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնի եւ Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մեջտեղում: 234/513 տնակ հասցեն ընդհանուր է իրար կից սենյակներում բնակվող ընտանիքների համար: Նրանց սենյակներն առանձնանում են մութ, ցուրտ ու խոնավ միջանցքով:
Թաղում երբեւէ կապույտ վառելիքի երես չեն տեսել, ջուրը կրում են մոտ 100-150 մետր հեռու ծորակից: Տան լվացքն անում են հարեւան-բարեկամների տանը կամ մեծ տարաների մեջ: Ճաշը պատրաստում են էլեկտրասալիկների օգնությամբ կամ փոքր գազօջախների վրա:
Կոմունալ կենցաղային հարմարություններից բնակվողները զրկված են: Զուգարան ու բաղնիք այստեղ չկա. օգտվում են տնակից հեռու զուգարանից, լողանում բարեկամների տանը կամ վճարովի բաղնիքներում:
Սուսաննա Ասատրյանն արդեն 7 տարի է` այս տնակի մի սենյակում է ապրում: Սկզբում ապրել է կից գտնվող տնակներում. պատմում է, որ այն ժամանակ էլ վիճակն ահավոր է եղել: Այլեւս տնակը պիտանի չլինելու պատճառով Սուսաննան տեղափոխվել է այստեղ: Նախկին տնակը, որին կից եղել են բաղմաթիվ ու բազմերանգ տնակներ, արդեն լքված են: Բնակիչները տարբեր պատճառներով են հեռացել` քաղաքից են գնացել, նոր բնակարան ստացել կամ համեմատաբար լավ տնակ գտել:
Սուսաննայենց ընտանիքը երկրաշարժին 4 սենյականոց բնակարան է կորցրել, պետությունը փոխհատուցել է 4 սենյականոց բնակարան, սակայն, աղետից մոտ 20 տարի անց, ճիշտ այն ժամանակ, երբ ընտանիքի անդամների թիվն ավելացել է: Այդ բնակարանում այսօր ապրում է նրանց բազմանդամ ընտանիքը:
«Ես անձամբ դիմել եմ քաղաքապետին, այն ժամանակ Վարդան Ղուկասյանն էր, նրան ասել եմ, որ մենք` բոլորս, (նկատի ունի ընտանիքի անդամներին-հեղ) համաձայն ենք, որ կորցրած 4 սենյակի փոխարեն տան գոնե 2 ու 1 սենյականոց առանձին բնակարաններ, իսկ նա ասաց, որ դա իրենց իրավունքը չէ, քաղաքաշինության նախարարի իրավունքն է՞:
Սուսաննայի խոսքով` այս տարբերակով իրենք պետությանը մեկ սենյականոց բնակարան կնվիրեին, իսկ ինքն էլ այսօր այս սենյակում չէր ապրի: Այս պատճառով էլ այսօր մեր քաղաքն անմխիթար վիճակում է, ասում է Սուսաննան` մատնանշելով ընտանիքի խնդրանք-առաջարկը, որն այդպես էլ չի ընդունվել:
«Անկախություն կգովայինք…ո՞ւր է մեր անկախությունը, անկախությունը սա՞ է. անկախությունը այն պետք է լինի, որ էրեխեն հոր ու մորից բաժանվելուց հետո կանկախանա, իր անկյունը կստեղծե, ավելի լավ կապրի, բայց մենք քանի գնացինք՝ անդունդը գլորվանք… գոնե էն ժամանակ կապրեինք, աշխատանք ունեինք, էսօր մենք անկախ ենք, բայց սոված ենք, աշխատանք չունենք…որտեղ էլ կդիմես` կուզեն, որ մինչեւ 25 տարեկան բարձրահասակ, բարետես լինես, անգլերենի իմացությունը պարտադիր է…իսկ մենք իրավունք չունենք ապրելու: Մարդիկ, ովքեր 30-40-ից բարձր են, աշխատանք չեն գտնում, թոշակառու, նպաստառու չեն, գոնե նրանց համար ծրագիր ստեղծեն»,-դիմելով կառավարությանը` ասում է Սուսաննան:
Մանրամասներն՝ այստեղ