Հովիկ Աբրահամյանը կարող է աշխատանքի հրավիրել Տիգրան Սարգսյանին
Նոր կառավարության ձևավորումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր թիվ մեկ խնդիրը հռչակեց տնտեսության աճը, ընդ որում` ոչ թե թվերի խոսուն լեզվի տարբեր հնարքներ կիրառելու արդյունքում ցույց տրվող աճ, այլ իրական, որակական աճ:
Հայտնի ճշմարտություն է, որ որևէ արդյունք ստանալու համար հարկավոր է ներդրումներ կատարել: Եվ ահա Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել ամեն գնով ֆինանսական միջոցներ գտնելու սուրբ գործին: Առավել ևս, որ ստացած ժառանգությունը կատարյալ անմխիթար վիճակում է: Երկրում տիրող կոռուպցիան, անօրինականությունները, օտարերկրյա ներդրողներին հիասթափեցնելու բազմապիսի օրինակները չինական պատից էլ ամուր պատնեշ են դարձել, ու տարեցտարի Հայաստանում ներդրումների կորն ուղղակի գահավիժում էր (2013-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան կրկնակի անգամ և կազմել ընդամենը 271.1 միլիոն դոլար):
Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու պարտավորություն ունեն մի քանի կառույցներ` Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման հայկական գործակալությունը, տնտեսական բլոկի գերատեսչությունները: Ամեն մեկն` իր չափով: Երեկ կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է ներդրումների ներգրավման և այդ գործում դեսպանների դերակատարման վրա:
«Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները` որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել»,- ասել է վարչապետը:
Սա, ըստ էության, մեղադրանք է նախարարների հասցեին: Փաստորեն, ստացվում է, որ դեսպանները մինչ այս քրտնաջան աշխատել են, իսկ նախարարությունները` փոշիացրել նրանց ջանքերը:
Ուշագրավ է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ՀՀ դեսպաններն ինչ ներդրումային առաջարկների կամ դրանց բացակայության մասին են խոսել վարչապետի հետ: «168 Ժամի» հարցին, թե ինչի՞ց են դժգոհել դեսպանները, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Չգիտեմ, վարչապետն ասաց` կկոնկրետացնեն աշխատակազմերի մակարդակով: Մեր նախարարությունում այդպիսի առաջարկ չի եղել»:
Ինչևէ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նախարարներին առավել ակտիվ գործել: «Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին:
Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով` դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ:
Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իհարկե, համաձայն ենք վարչապետի հետ` հարկավոր են լիարժեք ներդրումային ծրագրեր, որոնք արժանի կլինեն ներդրողների ուշադրությանը: Բայց չպետք է մոռանալ մոտ անցյալը` վերջին տարիների ընթացքում կառավարությունը մշտապես զբաղված է եղել նման ներդրումային ծրագրերի մշակմամբ: Ու եթե այդ նույն գերատեսչությունների պահոցները «քրքրեն», արժեքավոր ծրագրերի պակաս չի զգացվի:
Մի փոքր հուշում մեր կողմից. հիշո՞ւմ եք, ոչ վաղ անցյալում, երբ Հայաստանը փութաջանորեն գնում էր դեպի եվրոպական պայծառ ապագա, ծրագրվում էր եվրոպացի դոնորների համաժողով կազմակերպել: Այն մի քանի անգամ հետաձգվեց:
Մեր իշխանությունները հույս ունեին 2 մլրդ դոլարի աջակցություն ստանալ տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման համար: Այդ ծրագրերը, ինչպես այն ժամանակ էին վստահեցնում, մշակվել և ուղարկվել էին եվրոպացի գործընկերներին: Բայց այդպես էլ մնացին թղթի վրա: Իսկ եթե խնդիրը բարեհունչ ծրագիր գրելն է, ապա Հովիկ Աբրահամյանը կարող է ժամանակ չկորցնել ու հրավիրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով այդ գործի անփոխարինելի վարպետ էր:
Նա գուցե անգամ համաձայնի այդ աշխատանքը կատարել հասարակական հիմունքներով:
Իրավիճակը սարկաստիկ է այն առումով, որ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ ներկայացուցիչները կորցրել են պատճառահետևանքային կապը և ՀՀ-ում ներդրումների անկումը կապում են միայն ծրագրերի բացակայության հետ` լռության մատնելով բիզնեսի խաղի կանոնների համատարած ոտնահարումների մասին ահազանգերը:
Նույն դեսպանների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը վարդագույն երանգներով է ներկայացրել Հայաստանում բիզնես միջավայրը: «Ներկայում ՀՀ տնտեսությունն առավել ազատական է և գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Այս առումով մեծապես կարևորում եմ միջազգային ասպարեզում Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավման, Հայաստանի` որպես ներդրումային երկիր ճանաչելիության բարձրացման աշխատանքները` միջազգային ներդրումային համաժողովների, գործարար ֆորումների կազմակերպման, ինչպես նաև` հեղինակավոր ֆինանսական և գործարար լրատվամիջոցներով քարոզարշավների իրականացման միջոցով»,- ասել է վարչապետը:
Հարկ է նշել, որ համաժողովների պակաս անցած տարիներին չի եղել: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ու, թերևս, արժեր այլ, ավելի հիմնավոր պատճառներ փնտրել և նոր ներդրումներ հայթայթելու համար միջավայրը գրավիչ դարձնել: