Բաժիններ՝

Հոսանքի թանկացումը կբերի գրեթե բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների գների բարձրացման

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկել է, որ էներգետիկ ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը փակելու համար վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիան պետք է թանկանա շուրջ 10%-ով: Այսինքն՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագները բարձրանալու են 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սահմաններում: Այս թեմայի շուրջ զրուցեցինք կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են ճշգրիտ այդ հաշվարկները:

– Ես նման հաշվարկների չեմ վստահում և ասեմ՝ ինչու: Բավական է նայել վերջին 10 տարիների ընթացքում որոշ խոշոր կազմակերպությունների (այդ թվում՝ նաև էներգետիկ ոլորտում) ծախսերի աճին: Ես մի քանի տարի առաջ որոշներինը նայել եմ: Այնտեղ շատ են այդ ոչ ուղղակի ծախսերը, և, բնական է, որ այդ ծախսերի ուռճացման պատճառով ընկնում է շահութաբերությունը: Այն կազմակերպությունները, որոնք հրապարակում են տարեկան հաշվետվությունները, որ ուսումնասիրեք, կտեսնեք, որ շատ զգալի աճեր կան: Այդ պարագայում, բնական է, որ ցանկացած պահի, հերթական անգամ կարող են ոչ թե շահույթով աշխատել, այլ վնասով: Այդ ծախսային մասը պետք է հոդված առ հոդված, հաշիվ առ հաշիվ վերանայվի:

– Որո՞նք են այն արատները, որոնք վերջին 10 տարիներին նկատվում են Հայաստանում այդ բնագավառում:

Կարդացեք նաև

– Դրանք, այսպես կոչված, ադմինիստրատիվ, վարչական ծախսերն են: Մեծ են (մանավանդ թոփ-մենեջերների մոտ) աշխատավարձերի կտրուկ աճը, բոնուսները, պարգևատրումներ, պրեմիաներ և այլն: Բնական է, որ այս պարագայում ստացվում է, որ բնակչությունը վճարում է ոչ ուղղակի գործունեության համար ուղղված ծախսերի աճը: Քանի որ ծախսերն ավելանում են, ասում են՝ բնակչություն, հիմա մեր ավելի մեծ, ոչ գործնական ծախսերը ծածկեք:

– Հայտարարության մեջ նշվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողների հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Որքանո՞վ է ճիշտ այդ գումարը հավաքել բնակչությունից: Արդյո՞ք չկան այլ տարբերակներ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողների հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման համար:

– Քանի որ տարբեր կազմակերպություններին ես երկար ժամանակ կառավարման խորհրդատվություններ եմ տալիս, շատ հետաքրքիր մի օրինաչափություն նկատեցի: Գրեթե ցանկացած կազմակերպության առնվազն 30 տոկոս ծախսերը կարելի է կրճատել՝ առանց վնասելու կազմակերպության գործունեությանը: Այստեղ խոսվում է 10% բարձրացնելու մասին, ես ասում եմ՝ 30%: Այնքան ոչ արդյունավետ են ծախսվում գումարները, որ արդեն անվերջ ծախսերը կավելանա, անվերջ եկամտաբերությունը կնվազի, կդառնա վնաս, անվերջ պետք է գան-ասեն՝ սակագները բարձրացնենք, հետո էլի ծախսերը բարձրանան:

– Էլեկտրաէներգիայի այդ թանկացումն ի՞նչ հետևանքների կհանգեցնի:

– Էներգակիրների և ցորենի սակագների աճն ամենակարճ ճանապարհն է պետությունում գնաճը կտրուկ բարձրացնելու: Գրեթե չկա ոլորտ, որտեղ էներգակիր չեն օգտագործում: Հետևաբար, երբ էներգակիրների սակագինը բարձրանում է, տնտեսվարող սուբյեկտները նոր սակագինը մտցնում են ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի մեջ: Դա բերում է միանգամից գրեթե բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը: Իսկ գնաճն իր հերթին՝ ամենաուժեղը խփում է անապահով խավերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս