Դեպի ապահով Աստանա
«Ղազախստանի նախագահ Նազարբաևի քաղաքականությունը շատ հեռանկարային է: Օրինակ՝ Մինսկում էլ հանդիպման ժամանակ նա առաջինն էր, որ խոսեց Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության մասին, և հետո խոսակցություններ ծավալվեցին այդ թեմայով: Նազարբաևը չվարանեց Հայաստանի ցավոտ կետին դիպչել՝ բացեիբաց հայտարարեց ղարաբաղյան խնդրի մասին, որ ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների շարքում է Ղարաբաղը: Վաղը հավանականություն կարող է լինել, որ Նազարբաևը Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի մասնակցության հարց բարձրացնի: Արդյունքում՝ Հայաստանը կարող է մահմեդական երկրների շրջանակում հայտնվել, որտեղ մշտապես կզգա Ռուսաստանի աջակցության կարիքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ, Եվրասիական գիտնականների տնտեսագիտական ակումբի անդամ Վիլեն Խաչատրյանը, ով մայիսի 21-23-ը Ղազախստանում մասնակցել է Աստանայի տնտեսական համաժողովին: Սակայն, ըստ նրա, Աստանայում ամեն կերպ նշվում է այն մասին, որ միությունը քաղաքական չէ, միայն տնտեսական գործոնն է կարևոր. «Ղազախստանն ինքն էլ բազմազգ է, տարբեր կրոնների ներկայացուցիչներ կան, և ինքն էլ նման խնդիրներ ունի: Ասինքն՝ բարձրացնելով ինտեգրացիոն հարցերը, Ղազախստանն ուզում է տարանջատվածությունը վերացնել: Այդ պատճառով քաղաքական հարցերից երբեմն ինքն էլ է խուսափում»:
Վ.Խաչատրյանի խոսքով՝ տնտեսական առումով Ղազախստանն այսօր հզոր երկիր է, որի համար Հայաստանը պարզապես շուկա է, որոշ առումով՝ ճանապարհ:
«Ցանկալի է, որ ՀՀ-ն իր տնտեսական ներկայությունն այնտեղ ուժեղացնի: Աստանայում կան նաև հայ գործարարներ, որոնք բավականին մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, և կարելի է կապերն ուժեղացնել ու իրենց աջակցությամբ այնտեղ գործել: Ղազախները բաց են համագործակցության համար, բայց շատ բարձր պահանջներ են ներկայացնում: Ու թեև Նազարբաևի խոսքում հակադիր քայլ կար ՀՀ-ի հանդեպ, բայց վանող մոտեցում ես չեմ նկատել այնտեղ»,- նշեց նա: