Ավանի հոգեբուժարանում մահացած երիտասարդի գործով մեղադրյալներ չկան. դիակի փորձաքննության եզրակացությունը չի ստացվել

2014 թ. մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Էդգար Շաթիրյանի մահվան դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հարուցվել է քրեական գործ: Այս մասին ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման հունիսի 2-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ Ոստիկանության՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ «Ներկայումս քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան։ Նախաքննությունը վարում է Նոր Նորքի քննչական բաժինը»,- նշված է ոստիկանության պատասխանում։

Նշենք, որ 33-ամյա Էդգար Շաթիրյանի հարազատները hetq.am-ի միջոցով դիմել էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նրանք խնդրել էին նամակը դիտարկել` որպես հաղորդում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանի, բաժանմունքի վարիչ Զառա Պետրոսյանի, հերթապահ բժիշկ Արամ Հովսեփյանի, տեղամասային բժիշկ Բագրատ Բերբերյանի նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու, իսկ ՀՀ ոստիկանությանը և Գլխավոր դատախազությանը՝ անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու մասին:

«Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝ գլխի և սրտի ցավ: Ժամը 18:00 սահմաններում Արման Շաթիրյանին արգելել են տեսակցել Էդգարին՝ պատճառաբանելով, թե քնած է: Անհասկանալի պատճառներով մահվան լուրը մեզ՝ հարազատներիս, հայտնել են մահանալուց երեք ժամ անց՝ 23։20-ին: Իսկ Էդգարի մահվան հանգամանքների վերաբերյալ հարցերին ի պատասխան, հայտնել են, որ նկարել են Էդգարի մահանալու ողջ պրոցեսը հեռախոսով, և իրենք անմեղ են: Փաստորեն, մահացող Էդգարին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, Ավան հոգեբուժական կենտրոնի բժշկական անձնակազմը զբաղվել է իրենց դիմած քաղաքացու մահը հեռախոսով նկարելով:

Կարդացեք նաև

Արդյո՞ք ցինիզմի նման աստիճանը համահունչ է Հիպոկրատի երդմանը: Ըստ մեր տեղեկությունների, Էդգար Շաթիրյանին ներարկել են ուժեղ հոգեմետ դեղ՝ Տիզերցին: Մասնագետների կարծիքով, Էդգարի ալկոհոլ օգտագործած լինելու, գլխուղեղի վնասվածք ու սրտային խնդիրներ ունենալու փաստը պետք է ահազանգ հանդիսանար բժիշկներին հոգեմետ դեղեր ներարկելիս»,- բաց նամակում նշել էին Է. Շաթիրյանի հարազատները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն. նախարարը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ծառայողական քննությունն ավարտվել է, և նյութերը տրամադրվելու են իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արմեն Սողոյանը նամակի հրապարակումից հետո 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ հիվանդի վիճակին համապատասխան բուժում է կատարվել.

«Հիվանդը եկել է, ունեցել է սուր հոգեշարժական գրգռվածություն, որի վիճակը նկարագրված է հիվանդության պատմությունում, որը նույն օրը ոստիկանները սահմանված կարգով վերցրել են: Դա իրավական փաստաթուղթ է, և միակ թուղթը դա է, որը գոյություն ունի այսօրվա վիճակով, այն մեզ մոտ չէ: Այնտեղ այդ բոլորը հստակ նշված է, իսկ ծառայողական քննությունը նայելու է այդ պատմությունը, եզրակացություններ է անելու, այսինքն՝ իր վիճակին համապատասխան իր բուժումն իրականացվել է: Մահը, որը վրա է հասել, այդ բուժման հետ որևէ առնչություն չունի, բայց վերջնական մոտ 1 ամիս կամ մեկ ու կես ամսում կիրականացվեն հիմնական բոլոր հետազոտությունները և ամեն ինչի վրա լույս կսփռեն: Մինչ դա ցանկացած բան բամբասանք է և ինչ-որ մարդկանց ենթադրություն»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս