Ավետիք Իշխանյան. Առաջարկում եմ մի հասարակական շարժում սկսել` ընդդեմ Միկոյանի արձանի տեղադրման

Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն առաջարկում է որպես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման դեմ պայքարի խորհրդանիշ` սկսել մի հասարակական շարժումը` ընդդեմ Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման:

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության ջանքերով կազմակերպված «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» հանրային քննարկմանը Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների արդյունքում այսօր վտանգված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Նա անգամ պատահական չհամարեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական միության հիմնադիր ժողովի ամսաթիվը, երբ կողմերը Հայաստանին մեկ ամիս ժամանակ տվեցին անդամակցության հարցերը լուծելու համար, Ղազախստանի նախագահ Նազարբաևն էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար մեջբերումներ արեց Ադրբեջանում իր ընկեր Իլհամ Ալիևի նամակից:

«Հիշենք 1920 նոյեմբերի 29-ը: Չգիտեմ` այս 29-ը չարագուշակ թիվ է մեզ համար, թե ինչ է: Համենայն դեպս, այդ 29-ների դեմ պետք է պայքարենք: Կարծում եմ` այս ամենի դեմ համախմբումը կարելի է խորհրդանշական դարձնել: Առիթից օգտվելով` առաջարկում եմ մի հասարակական շարժում սկսել` ընդդեմ Միկոյանի արձանի տեղադրման, որը կլինի նաև ընդդեմ Եվրասիական միության` համատեղ, կլինի և´ գործնական, և´ գաղափարական աշխատանք: Այսպիսի մի առաջարկություն ունեմ: Մի բան էլ կուզենայի ասել` եթե Միկոյանի արձանը դնում են, առաջարկենք, որ Չարենցի ու Բակունցի արձանները հանեն»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Երևանում բոլշևիկ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման հարցը չշրջանցեց նաև մեկ այլ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ում կարծիքով` խոսքը ոչ թե Միկոյանի արձանը տեղադրելու, այլ Հայաստանում ամբողջատիրական իշխանության կողմից ամբողջատիրական մշակույթի արմատավորման մասին է:

Կարդացեք նաև

Քննարկման մանրամասները՝ այստեղ.

 

Տեսանյութեր

Լրահոս