Դավիթ Շահնազարյան. Մենք ընդամենը Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու գործիք ենք Ռուսաստանի ձեռքին

«Պարզապես մարդ անհարմար է զգում այսպիսի պետական այրեր ունենալու համար»,- այսպիսի եզրակացության է եկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով այսօր վարում էր «Էրեբունի պլազա» հյուրանոցում կազմակերպված հանրային քննարկումը:

Քննարկումը, որը կրում էր «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագիրը, կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Վերնագիրն ինքնին հուշում էր, որ ելույթ ունեցողներն առաջին հերթին խոսելու են սեպտեմբերի 3-ից, Աստանայից` Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովից և Հայաստանի անդամակցության մասին Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտնի հայտարարությունից:

Ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, ի՞նչ վտանգներ է պարունակում Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությունը, որքանո՞վ է սա կապված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ: Անդրադառնալով այս և մի շարք այլ հարցերի` քննարկման բանախոսները` Ավետիք Իշխանյանը, քաղաքական գործիչ, «Համաձայնություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և այլոք, համաձայնեցին, որ Հայաստանում չկա լուրջ բանավեճ կարևորագույն այս հարցերի շուրջ:

Իշխանյանն այս երևույթը բնորոշեց հին խորհրդային տերմինով` վոլյունտարիզմ (կամայականություն), որով, ըստ նրա, առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները` երկրի ճակատագիրը որոշելիս:

Կարդացեք նաև

Ներկայումս աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքով ստեղծված վիճակը Հայաստանի համար ճակատագրական համարեց նաև Դավիթ Շահնազարյանը: Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ակունքներում կանգնած հայտնի գործիչը կարծում է, որ անկախության ավելի քան 23 տարիները պատմությամբ էր հատկացվել նախկին խորհրդային երկրներին, այդ թվում` Հայաստանին, ազգային պետություններն ամրապնդելու և անշրջելի ժողովրդավարություն հաստատելու համար, ինչը մասնավորապես մեզ առայժմ չի հաջողվել:

«Այս բոլոր գործընթացներն իրենց մեջ պարունակում են ահավոր վտանգ առաջին հերթին Հայաստանի, մեր պետականության և ինքնիշխանության համար: Նման սպառնալիք 23 տարվա ընթացքում չի եղել»,- ասաց նա:

Դ. Շահնազարյանի կարծիքով` 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը փորձում է մաս կազմել մի միության, որին ինչ անուն էլ տանք` Մաքսային միություն կամ Եվրասիական տնտեսական միություն, իրականում նորացող, ընդլայնվող Ռուսական կայսրությունն է` դրանից բխող բոլոր հետևանքներով. «Եթե Հայաստանը գնում և դառնում է Ռուսաստանի բացարձակ վերահսկողության տակ գտնվող այդ կազմակերպության անդամ, ուրեմն ընտրությունները Հայաստանում այլևս կրելու են զուտ արարողակարգային բնույթ, կոռումպացված համակարգն էլ, ըստ էության, հավերժացվելու է»:

Խոսելով Աստանայի մասին` Շահնազարյանն առաջարկեց շատ չկենտրոնանալ Նազարբաևի հնչեցրածի վրա. «Դա Նազարբաևը չի ասել, Նազարբաևն ընդամենը հրապարակայնորեն բոլոր երկրների հանրություններին տեղյակ է պահել այս նոր միությունում գործող խաղի կանոնների մասին»: Իսկ խաղի այդ կանոնները հետևյալն են` նոր միության տնտեսական սահմանների վերահսկողությունն իրականացնելու են վերպետական մարմինները:

«ՀՀ տնտեսական սահմանների վերահսկողությունը Հայաստանը հանձնում է մի այլ վերպետական մարմնի, որովհետև Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրների հետ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը որոշվելու է այդ վերպետական մարմնով: Փաստացի, ի՞նչ էր նշանակում Հայաստանի տնտեսական տարածք, դա Հայաստանն էր և Լեռնային Ղարաբաղը միասին: Անդամակցելուց հետո այդպես չի լինելու, և այդ վերահսկողությունը Հայաստանի իշխանություններին չի պատկանելու: Ըստ էության, սա է ասվել: Հայաստանի իշխանություններն ասում էին, որ մենք պետք է հիմնադիր անդամ դառնանք, դա տեղի չի ունենում: Ավելին, Հայաստանի անդամակցության հարցն արդեն ձևականորեն, փաստաթղթով Հայաստանը չի որոշելու»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Այս համատեքստում նա ոչ պակաս վտանգավոր համարեց որոշ տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը լրջագույն քայլեր է ձեռնարկում` Ադրբեջանին ևս Եվրասիական տնտեսական միության մեջ ընդգրկելու համար:

«Կանդամակցի, թե ոչ` դա ուրիշ հարց է: Բայց այստեղ Ռուսաստանը, հանուն այդ նպատակին հասնելու, պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե Ադրբեջանը պետք է վճարի այն գինը, որը ցանկանում է Ռուսաստանը: Ըստ էության, այդ միությունում մենք սուբյեկտ չենք: Սա փաստ է, մենք ընդամենը Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու գործիք ենք Ռուսաստանի ձեռքին և ընդամենը գործոններ Ռուսաստան-Ադրբեջան բանակցություններում, որոնք կարող են զիջվել այդ առևտրի ընթացքում: Ռուսաստանի գլխավոր նպատակն է վերահսկողություն սահմանել Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության վրա և խաղաղապահների անվան տակ` ԼՂ հակամարտության տարածքում տեղակայել ռուսական զորքեր: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբում, դեսպան Ուորլիքի հայտարարությունը, ԱՄՆ-ի նախաձեռնությունը ուղղակիորեն շաղկապված են այս գործընթացների հետ, որովհետև եթե Հայաստանն անդամակցեց այս կառույցին, ապա բանակցային գործընթացը, որպես այդպիսին, արդեն ամբողջովին վարելու է Մոսկվան` այնպես, ինչպես արել է միշտ»,- ավելացրեց Դ. Շահնազարյանը:

Ավետիք Իշխանյանն էլ ստեղծված վիճակն անվանեց նվաստացուցիչ` հիշելով իր հոր` Ռաֆայել Իշխանյանի գրած հոդվածներից մեկի վերնագիրը` «Դեպի կործանում տանող հին ճանապարհը»:

«Խոսում էին անվտանգության մասին: Կարծես թե, ՀԱՊԿ-ը անվտանգության երաշխիք չէր, փաստորեն, Հայաստան-Ռուսաստան մեծ պայմանագիրն անվտանգության երաշխիք չէր: Այդ ամենը սուտ էր: Նույնիսկ մի քիչ ծիծաղելի է և նվաստացուցիչ, երբ ռուս պաշտոնյաներն ինչ-որ հայտարարություններ են անում, և մեր պետական այրերից որևէ մեկը նրան համարժեք պատասխան, թեկուզ մեղմ, չի տալիս: Անցյալ և նաև տարի մենք ականատես եղանք բազմաթիվ այդպիսի հայտարարությունների, ընդհուպ մինչև Ռուսաստանի դեսպանի ասածները, որ «Ադրբեջանին զենք ծախելը կոմերցիա է»:

Եվ որևէ մեկի կողմից կոշտ պատասխան չեղավ, թեկուզ որևէ պատգամավորի կողմից: Պարզապես մարդ անհարմար է զգում այսպիսի պետական այրեր ունենալու համար: Գուցե շատերդ մտածում եք, որ զենք վաճառելն իսկապես կոմերցիա է: Ո´չ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ միմյանց զենք վաճառում են կա´մ չեզոք, սովորական հարաբերություն ունեցող երկրները, կա´մ վաճառում են` ինչ-ինչ նպատակներից ելնելով: Դա կոմերցիա չէ: Դա հստակ ուղղված է Հայաստանին խեղճացնելուն, Հայաստանին վախեցնելուն:

Ես որևէ մեկի դեմ անձնական որևէ բան չունեմ, ընդհակառակը` նույնիսկ կարելի է շնորհակալություն հայտնել Նազարբաևին` այդ հարցը հնչեցնելու և մեզ ցույց տալու համար, թե ինչ է կատարվում: Այս ամենը ցույց տվեց, որ դա ոչ միայն անվտանգության երաշխիք չէ, այլ ընդհակառակը` անվտանգության կորուստ է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս