«Պետք է պատժամիջոցներ լինեն խոշորների համար, ծանր, դժվար աշխատանք է, բայց համոզված եմ, որ հաջողության կհասնենք»
Այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավոր Վարդան Այվազյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց` արդյոք շրջանառության հարկն այդքան մե՞ծ է, որ չի կարելի 58 հազար փոքր տնտեսվարողներին ազատել դրանից:
«Անկախության տարիներից ի վեր միշտ փորձել ենք լուծումներ գտնել փոքր բիզնեսի համար: ՓՄՁ դաշտում մի խումբ հարկ վճարողների համար խաղի կանոնները սահմանել ենք՝ արտոնագրային և հաստատագրված վճարների դաշտը, որտեղ մտահոգություններ չկան: Շրջանառության հարկն անցած տարի, որ ներդրվել է, առանց վարչարարության է ապահովվել: Եթե վարչարարություն կիրառվեր, անհամեմատ ավելին կլիներ: Ծիծաղելի է այն ցուցանիշը, որ նրանք ցույց են տալիս: 48 հազար հարկ վճարողներ մինչև 10 հազար շրջանառություն են ցույց տվել: Հավաքվել է 14 մլրդ, որը կարող էր կրկնապատիկ, եռպատիկ լիներ, հանգիստ»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Ըստ նրա՝ այժմ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է հանդիպումներ փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն մոդելները, որ հնարավոր է. «Ոչ մեկը չի հավատում, որ իրենք մաքուր են աշխատում՝ փաստթղթերով: Թող սպիտակ աշխատեն, իրենց զիջումներ անենք: Ասում են՝ փաստաթղթեր չեն տրամադրում խոշորները: Պետք է պատժամիջոցներ լինեն խոշորների համար: Ծանր, դժվար աշխատանք է, բայց համոզված եմ, որ հաջողության կհասնենք»:
Ա.Ալավերդյանի խոսքով՝ ՓՄՁ-ները ՀԴՄ չեն տրամադրում, և գործարարների մի զգալի մասն այդ խավի մեջ է. «Ազատման գաղափարն այդքան առողջ գաղափար չի, բայց այս փուլում մենք պատրաստ ենք գնալ էական մեղմացման, եթե աջակցեն մեզ փաստաթղթերի առումով՝ ստվերի կրճատման մասով: Այդ դեպքում բեռը կանցնի խոշորին: Եթե փոքրը շարունակի աշխատել առանց փաստաթղթերի ու 1% շրջանառության հարկ վճարի, դա կլինի կատարյալ ձախողում»: