Զարմանալի նիստ. ընդդիմադիր պատգամավորները հարցեր չունեին Արտեմ Ասատրյանին
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումը շատ անսպասելի ավարտվեց. նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցից հետո, երբ պատգամավորներին հնարավորություն է ընձեռնվում հարցեր ուղղելու ոլորտում իրականացված ծրագրի ու խնդիրների վերաբերյալ, հանկարծ պարզվեց, որ ներկա պատգամավորները հարցեր չունեին նախարարին և նիստը հայտարարվեց ավարտված: Հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսայնը, ընդդիմադիրների շարքերը համալրած ՕԵԿ-ական Իշխանը Խաչատրյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ:
Սոցիալական ոլորտին հատկացվում է բյուջեի մոտ 25%-ը: Եվ առնվազն տարօրինակ էր, որ պատգամավորները հարցեր չունեին նախարարին, թեև թվում էր, որ այս նիստում պետք է ամենաբուռն քննարկումներից մեկը ծավալվի:
Լ.Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում այս «անհետաքրքիր» իրավիճակը պայմանավորեց նրանով, որ բյուջեի կատարողականն էր ներկայացվում, թվերը հստակ տրված են և ամեն ինչ «իդեալական» է ներկայացվում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի խոսքով՝ պատգամավորները հնարավորություն ունեն նախարարից անմիջական շփումներում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նախարար Արտեմ Ասատրյանն ինքը պատգամավորների կողմից հարցերի բացակայության հանգամանքից չէր զարմացել: Լրագրողների հարցին՝ արդյոք նախապես պայմանավորվել էին, որ հարցեր չհնչեն, Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ»: