Հացամթերքն ու կաթնամթերքը չեն էժանանում
2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 12.5-0.1% գնանկում, իսկ 6-ում` 0.1-3.4% գնաճ: Այս տվյալներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 18.7% գնաճ, իսկ 2014թ. ապրիլի համեմատ` 12.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի` 63.0%, խառը կանաչեղենի` 52.3%, կանաչ սոխի`39.9%, սմբուկի`18.9%, կանաչ պղպեղի`13.7%, սնկի`13.0%, լոլիկի 12.7% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվելէ ճակնդեղի`4.6%, կարտոֆիլի` 7.3%, սխտորի` 14.2%, գազարի` 20.8% գնաճ:
Մեկ տարում շաքարավազի միջին գինը նվազել է 23.0%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ աճել է 1.2%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 16.2% գնանկում, իսկ 2014թ. ապրիլի համեմատ`3.4% գնաճ: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կիտրոնի` 2.3%, խնձորի` 7.3%, տանձի` 14.7%, խաղողի`21.4% գնաճ: Միաժամանակ, ելակի գինը նվազել է 10.1%-ով, ադամաթզինը` 2.8%-ով, ընկույզի միջուկինը` 1.1%-ով:
Հացամթերքը թե՛ տարեկան, թե՛ ամսական կտրվածքով թանկացել է. 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.5%, իսկ 2014թ. ապրիլի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի ալյուրի՝ 0.7%, մանկական շիլայի՝ 1.0%, լոբու՝ 1.4%, թխվածքաբլիթի՝ 2.0%, մակարոնեղենի՝ 3.7% գնաճով: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ բարձր տեսակի հացի գինն աճել է 0.3%-ով, բլղուրինը՝ 0.4%-ով, առաջին տեսակի հացինը՝ 0.5%-ով, հնդկացորենինը՝ 0.5%-ով:
Թանկացել է նաև կաթնամթերքը՝ մեկ տարում 9.3%, իսկ վերջին մեկ ամսում՝ 0.6%:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.9%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.8%, տավարի մսի պահածոյի` 0.9%, տավարի, խոզի և ոչխարի մսերի՝ համապատասխանաբար 1.1%, 4.5% և 5.5% գնաճով:
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ ոգելից խմիչքի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է համապատասխանաբար 0.1% և 0.4% գնաճ: