Կարտոֆիլի գաղտնիքները. նոր բացահայտումներ

Կարտոֆիլի հայրենիքն է Հարավային Ամերիկան, որտեղ այն աճում է բնության մեջ և հազարամյակներ առաջ մշակվել և օգտագործվել է սննդի մեջ։ Եվրոպա է բերվել 16-րդ դարում և հետզհետե, հիմնականում` ֆրանսիացիների ջանքերով տարածվել է աշխարհով մեկ։ 17-րդ դարի վերջում Պետրոս Մեծի հրամանով սկսել են մշակել Ռուսաստանում, ուր գրանցվել են կարտոֆիլից թունավորման բազմաթիվ դեպքեր։ Գյուղացիները հրաժարվել են մշակել բույսը, անվանել են «անօրեն խնձոր»։ 18-րդ դարի վերջում կարտոֆիլը մշակվել է Արևելյան Հայաստանում, ինչի մասին գրել է Խ. Աբովյանը։

19-րդ դարում կարտոֆիլն իր բարձր սննդային արժեքի շնորհիվ ստացել է «երկրորդ հաց» անվանումը, քանի որ դրա մեջ պարունակվող սպիտակուցը (1,7-2,5%) յուրացվում է գործնականում ամբողջովին (90%-ով)։ Բացի այդ, ոչ մի այլ սննդամթերք չի պարունակում ամինաթթուների այնպիսի լավ բալանսավորված լայն սպեկտր, որն առկա է կարտոֆիլի մեջ` ալանին-51 մգ(100 գ), արգինին-82 մգ, ասպարագինի թթու-0,391 մգ, գիստիդին-28 մգ, գլիցին-46 մգ, գլուտամինի թթու-286 մգ, իզոլեյցին-54 մգ, լեյցին-80 մգ, լիզին-87 մգ, մետիոնին-26 մգ, սերին-61 մգ, տիրոզին-39 մգ, տրեոնին-55 մգ, տրիպտոֆան-17 մգ, վալին-84 մգ, ցիստին-20 մգ, ֆենիլալանին-66 մգ։
Գիտնականները կարծում են, որ կարտոֆիլը միակ բուսական ծագում ունեցող մթերքն է, որն ուտելով` մարդը կարող է գոյատևել երկար ժամանակ, առանց այլ սննդամթերք օգտագործելու։

Հարյուր գրամ կարտոֆիլը պարունակում է 81,6 գրամ ջուր, 100 մգ ճարպ, ճարպաթթուներ` միաչհագեցած-2մգ, բազմաչհագեցած-43 մգ, հագեցած-26 մգ, ֆիտոստերոլ 4 մգ։ Շաքարներ` գլյուկոզա-530 մգ, սախարոզա-280 մգ, ֆրուկտոզա-340 մգ, ածխաջրեր-15,7 մգ, օսլա-13,5 մգ։

Օսլան մարդու աղիներում փոխակերպվում է գլյուկոզայի, որի ավելցուկը նպաստում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացմանը։ Նոր հասունացած կարտոֆիլը պարունակում է ընդամենը 7-8% օսլա։
Նույն բույսից ստացված արմատապտուղները տարբերվում են պարունակվող օսլայի քանակով, նախընտրելի են միջին չափ ունեցողները։

Կարդացեք նաև

Սննդաբանները կարծում են, որ տապակած կարտոֆիլը գիրացնում է, իսկ խաշածը կամ ջեռոցում եփածը կարող են ուտել նույնիսկ գեր և շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ` ըստ բժշկի խորհրդի։

Ջերմային մշակման ենթարկված և սառեցրած կարտոֆիլում պարունակվող օսլայի մոտ 7 %-ը չի մարսվում աղեստամոքսային համակարգում. Օգտակար է նրանով, որ զսպում է ախորժակը, խոչընդոտում է շաքարի և խոլեստերինի թափանցմանն արյան մեջ, նպաստում է աղիների օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։

Նոր հասունացած արմատապտուղների 100 գրամում պարունակվում է 40-50 մգ վիտամին C, որը պահպանման ընթացքում նվազում է (19-20 մգ)։ Կճեպով եփած (խաշած) արմատապտղում C վիտամինը չի տրոհվում` հատկապես, եթե այն լցնեք եռացող ջրի մեջ։ Բավականին շատ է կալիումը-400-560 մգ, կա մագնիում-21 մգ, ֆոսֆոր-60 մգ, նատրիում-16 մգ, կալցիում-9 մգ, միկրոտարրեր` ցինկ-0,29 մգ, մարգանեց-0,145 մգ, պղինձ-0,116 մգ։ Վիտամիններ` A-2,4 մկգ, B1-0,071 մգ,
B2-0,034 մգ, B3-1,07 մգ, B4 (խոլին)-11 մգ, B5-0,281 մգ, B6-0,203 մգ, B9-18 մկգ, բետաին-0,2 մգ, բետա-կարոտին, լյուտեին, K1, E։

Պարունակում է հակաբակտերիալ և հակագիստամինային (հակաալերգիկ) նյութ` տոմատին։

Բաց կրակի վրա կամ ջեռոցում կլեպով եփած կարտոֆիլը խորհուրդ է տրվում ընդգրկել` հիպերտոնիայի, այլ սիրտ-անոթային և երիկամների հիվանդությունների դեպքում։ Գարնանը «հին» կարտոֆիլը պատրաստեք միայն կլեպի հաստ շերտը հեռացնելուց հետո։

Նոր բացահայտումներ
Վերջին տարիներին մեծ թափ է ստացել մետաբոլոմիկան` գիտության ժամանակակից ճյուղ, որը զինված է գերհզոր գիտահետազոտական սարքերով և վերլուծական մաթեմատիկական ծրագրերով։

Եթե նախկինում գիտնականներին հաջողվում էր հայտնաբերել մթերքներում մի քանի տասնյակ բաղադրիչներ, ապա նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ի հայտ են եկել թվով 100-1000 նոր` մինչ այդ անհայտ նյութերի մոլեկուլներ։ Կարտոֆիլում հայտնաբերվել են բույսերում հազվադեպ հանդիպող կակոամիններ, որոնք բարերար ազդեցություն ունեն սիրտ-անոթային համակարգի վրա` մաքրում են արյունատար անոթները և ունեն հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) հատկություն։

Այսօր արդեն հայտնի է, որ նախկինում անտեսվող ֆենոլային միացությունները` բիոֆլավոնները, պոլիֆենոլները և ֆենոլային թթուները մեծապես ազդում են մարդու առողջության վրա։ Այդ նյութերի առկայության շնորհիվ է, որ բուսական աշխարհը` պտուղները և հատապտուղները, ստանում են իրենց բազմազան գույները։ Հայտնի է, որ պտղի բուժիչ հատկությունը կախված է նաև դրա գույնից։ Սակայն գույն-հատկություն կապը երբեմն կարող է արտահայտվել ոչ միանշանակ կերպով։

Օրինակ, պարզվել է, որ կարտոֆիլի և սուրճի մեջ պարունակվում է քլորոգենի թթու, որը ֆենոլային միացություն է։ Ըստ վերջին` հայտնի տվյալների` քլորոգենի թթուն կանխարգելում է գլխուղեղը սնող անոթների կարծրախտի (սկլերոզ) և Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ Նյութն առավել շատ է սուրճի կանաչ սերմում, որի մեջ շատ բարձր է կոֆեինի պարունակությունը, նաև ըստ նվազման` կարտոֆիլի, գազարի, բադրիջանի, գետնախնձորի, լոլիկի, եղերդակի արմատի մեջ։ Համարվում է, որ կարտոֆիլը քլորոգենի թթվի լավագույն մատակարարն է, քանի որ սուրճի համեմատությամբ ավելի անվնաս է։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս