
ԱՄՆ-ը դեռ չի պատրաստվում Ուկրաինայի հետ քննարկել Բուդապեշտի հուշագրի փոխարինման հարցը. Պայետ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջոֆրի Պայետը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինայի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերում մեծապես աշխատել Կիևի հետ, սակայն դեռ վաղ է խոսել կոնկրետ պայմանավորվածությունների մասին:
Դիվանագետը նման կերպ է մեկնաբանել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է ստորագրել միջազգային նոր պայմանագիր, որը կփոխարինի Բուդապեշտի հուշագրին ու Ուկրաինային կտա անվտանգության երաշխքիներ` ընդհուպ մինչև ռազմական աջակցություն:
Պայետը վստահություն է հայտնել, որ երբ Պորոշենկոն ձեռնամուխ լինի իր պարտականությունների կատարմանը, ապա իրենք շարունակ կքննարկեն պաշտպանական ու անվտանգության ոլորտում հետագա համագործակցության հարցը.
«Տվյալ փուլում որևէ կոնկրետ պայմանավորվածություն քննարկելը թերևս չափազանց վաղ է: Սակայն ես վստահ եմ, որ Ուկրաինայի այս ղեկավարության հետ մենք կաշխատենք շատ խիտ, որպեսզի ամրապնդվի Ուկրաինայի անվտանգությունը»: