
Ուկրաինան «Գազպրոմին» փոխանցել է 786 միլիոն դոլար և պատրաստվում է դիմել Ստոկհոլմի դատարան

ZN.UA-ի փոխանցմամբ` «Ուկրաինայի Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» փոխանցել է 786 միլիոն դոլար` ամբողջովին վճարելով ռուսական գազի այն մատակարարումները, որոնց դեպքում 1000 խորանարդ մետր գազի գինը կազմել է 268.5 դոլար:
Այս մասին կառավարության նիստի բացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նրա խոսքերով` ուկրաինական կողմն այժմ պատրաստվում է դիմել Ստոկհոլմի միջնորդ դատարան` մատակարարումների գնի շուրջ ծագած վեճը լուծելու համար:
Յացենյուկն ընդգծել է, որ հայցը պատրաստելուց առաջ իրենք վճարել են այն հաշիվները, որոնք անվիճելի են «Գազպրոմի» հետ իրենց հարաբերություններում: Յացենյուկը հավելել է, որ ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ռուս-ուկրաինական գազային բանակցությունների հերթական փուլը կանցկացվի հունիսի 2-ին, և դրա տապալման դեպքում Ուկրաինան կդիմի դատարան: